«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կփորձի ավարտին հասցնել վարչական շրջանների նոր ղեկավարներ նշանակելու գործընթացը, հների թիմերն էլ փորձում են ավարտին հասցնել իրենց «կիսատ» գործերը:

Ու մինչ նորերը հունի մեջ կմտնեն, կծանոթանան իրավիճակին, նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած ու տարբեր կաբինետներում ծվարած որոշ պաշտոնյաներ փորձում են հապշտապ կերպով ավարտել կիսատ թողածը:

Խոսքը մասնավորաբար վերաբերում է Հերացու թիվ 16 եւ 18 շենքերի բակային հատվածում, մանկական խաղահրապարակի հարեւանությամբ կառուցված բարձր ճնշման գազաբաշխիչ կայանին, որի մոնտաժային աշխատանքները կասեցվել էին հարակից շենքերի բնակիչների բողոքի հիման վրա: Ի դեպ, նշված տարածքը թեեւ հանրային է, բայց բնակիչների համար անհասկանալի պայմաններում տարիներ առաջ «հայտնվել» է հարեւան սեփական տներից մեկի բակի տարածքում, որտեղ էլ հետագայում կառուցվել է կայանը:

Ապօրինություններին վերջ տալու եւ վերջապես օրինականությունը վերականգնելու ակնկալիքով շենքերի բնակիչները այս ընթացքում դիմել են ՀՀ վարչապետին, ՀՀ վերահսկողական ծառայությանը: Եվ թվում էր, որ ի վերջո նոր իշխանություններին կհաջողվի արդարությունը վերականգնել, սակայն, մինչ նոր ղեկավարները կհասցնեն ծանոթանալ այս խնդրի մանրամասներին, խառը օրերի մեջ չնկատվելու եւ նախկինում պլանավորածը «տրամաբանական ամփոփման» հասցնելու ակնկալիքով «Գազպրոմ Արմենիան», անհասկանալի է՝ ում թույլտվությամբ, որոշել է օգտվել իրավիճակից ու արագորեն ավարտին հացնել կիսատ մնացած գործը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։