ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով` այցի վերաբերյալ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Նաղդալյանը հիշեցրեց նաև, որ հոկտեմբերի 25-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով հանդիպում է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

«Ջոն Բոլթոնը հանդիպելու է վարչապետի պաշտոնակատարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ: Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,-ասաց նա՝ հավելելով, որ սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է վերջին տասնամյակներում: