Հայաստանը կարող է վերականգնել առաջնատար դիրքերը ԵՏՄ–ում գործիքաշինության և հաշվիչ տեխնիկայի ոլորտներում, երեքշաբթի Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակում ասաց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։

Նա կարևորեց տեխնոլոգիական զարգացման հարցերի շուրջ ընթացող լուրջ քննարկումները, ինչպես նաև արտադրական համագործակցությունը ԵՏՄ անդամ պետությունների միջև, փոխանցում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը։ «Ստեղծելով պետությունների միջև ընդհանուր շուկա`հիմա անհրաժեշտ է հոգ տանել, որպեսզի այդ ընդհանուր շուկայում լինեն մեր ապրանքներ, ընդ որում ոչ միայն հումքային, այլև, առաջին հերթին, տեխնոլոգիական ապրանքները` բարձր ավելացված արժեքով», – ասաց Գլազևը։

Ըստ նրա, Հայաստանն իրավամբ համարվում է հետխորհրդային տարածքի բարձր զարգացած երկիր, որտեղ տասնյակ տարիներ շարունակ ձևավորվել է գործիքաշինության, հաշվիչ տեխնիկայի, բարդ բարձր տեխնոլոգիաների մեքենաշինության հիմքը։ Եվ հայկական տնտեսության այդ եզրափակիչ գործառույթը դեռ խորհրդային տարիներին հիմնված էր հսկայական համագործակցության վրա, որտեղ մասնակցել են հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ձեռնարկություններ։

«Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի այդ մասնագիտական ոլորտն այսօր վերականգնվում է, ընթանում է ակտիվ համագործակցություն հայկական ընկերությունների և «Ռոստեխ» կորպորացիայի միջև, որը միավորում է Ռուսաստանի բազմաթիվ բարձր տեխնոլոգիական, մեքենաշինական ձեռնարկություններ, այն մեր տնտեսության տեխնիկական-տնտեսական զարգացման ֆլագմանն է», – ասաց Գլազևը։

Նա նշեց, որ հիմա անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը երկրների միջև և վերականգնել հայկական տնտեսության համար ավանդական դարձած առաջատարի գործառույթը գործիքաշինության և հաշվիչ տեխնիկայի ոլորտներում։

Իսկ համագործակցության համար անհրաժեշտ կառույցները, նրա խոսքով, արդեն գործում են։ Գործում է Ինվեստֆոնդը, կա Արդյունաբերության զարգացման հիմնադրամը, Եվրասիական զարգացման բանկը։ Այս համատեքստում նա նշեց այս ինստիտուտների հզորությունների բազմապատկման կարևորությունը։

«Անհրաժեշտ է ավելի բազմազան դարձնել այդ Ինվեստֆոնդերը, և որքան շատ լինեն նման հիմնադրամներն, այդքան ավելի լավ», – ասաց Գլազևը։

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությունը տեղեկացրեցին համաժողովի կազմակերպիչները։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարար շրջանակների և փորձագետների համայնքի, համաշխարհային նշանավոր ընկերությունների ղեկավարներ:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքը զուգորդված է «Եվրասիական տնտեսական շաբաթի» միջոցառումների հետ՝ խոշորագույն միջազգային գործնական համաժողովի ԵԱՏՄ տարածության վրա, ինչն ընդլայնում է փոխադարձ հնարավորությունները՝ բիզնեսի փոխշահավետ երկխոսության և ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների համար:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցի ԱՄՆ-ից ներկայացուցչական պատվիրակություն, մասնավորապես՝ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: