Միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, որից հետո հանդիպել է կինոթանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկայացվել են Սինեմաթեքի նախագիծը, հայեցակարգն ու ստեղծման նպատակները: Նշվել է, որ կինոթանգարանը ոչ միայն հավաքելու, պահպանելու ու ցուցադրելու է հայկական կինոյի ժառանգությունը, այլեւ լինելու է ժամանակակից ենթակառուցվածքներով գործող թանգարան՝ ուսումնական ու գիտական բաղադարիչներով, ինչպես նաեւ ծառայելու է որպես մշակութային ու զբոսաշրջային կենտրոն: