«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքի քննարկման համար։ Ըստ մեր աղբյուրների՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի նաեւ ԱԺ-ում ստեղծված խումբ, որն աշխատել է ԸՕ փոփոխության վրա, քննարկումները շատ բուռն կլինեն։ «Կա նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր՝ ԸՕ-ի քննարկման համար երկուշաբթի հրավիրված արտահերթ նիստի քվորումի հարցը՝ արդյոք քվորում կհավաքվի՞։ Եթե ՀՀԿ-ում քաղաքական որոշում չկայացվի՝ մասնակցության մասով, ապա քվորումի պատճառով հնարավոր է արտահերթը տեղի չունենա»։ Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի չորեքշաբթի կայացած նիստին հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ականները չեն մասնակցել, ինչն էլ «բոյկոտային» մոտեցման ազդանշան է դիտվել։ Սակայն անհասկանալին Լենա Նազարյանի բացակայությունն է եղել։ Նա երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել էր, որ իր հեղինակած՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու մասին նախագիծն արդեն պետաիրավական հարցերի հանձնաժողովում է, որը պետք է չորեքշաբթի հաստատվեր՝ երեքշաբթի մեկնարկող ԱԺ օրակարգ մտնելու համար, սակայն օրինագիծը հանվել է օրակարգից։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ խնդիրը, ըստ ամենայնի, կապված է փոխհատուցվելիք գումարների չափի հետ․ «Բանն այն է, որ նախագիծը նախատեսում է փոխհատուցում տալ ոչ միայն 10 զոհվածների իրավահաջորդներին, այլեւ բոլորին, որոնց թիվը 300-ից անցնում է, ինչը լուրջ բեռ կարող է դառնալ այս պահին առանց այն էլ բավականին խղճուկ բյուջեի վրա, ուստի փորձում են գտնել ողջամիտ լուծումներ»։

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: