News. am գրում է. «Մենք ունենք երկրի ղեկավար, եւ եթե նա ինչ-որ հարցում ձախողեց, ձախողում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը կամ կառավարությունը, ձախողում է պետությունը, ձախողելու են մեր ընտանիքները: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը որոշակի դերակատարություն ստանձնի նոր կառավարության կազմում ընտրություններից հետո, քանի որ հայտարարել է, որ միշտ կլինի Նիկոլ Փաշինյանի կողքին, Կոստանյանը պատասխանեց. «Արդյոք ողջամիտ չէ՞, որ յուրաքանչյուրս մեր մասնագիտական հարթության մակարդակով, գիտելիքների մակարդակով օգնենք կառավարությանը: Քննադատողները եւս օգնում են կառավարությանը: Որ կառավարությանը չքննադատեցիր, այդ կառավարությունը դատապարտված է ձախողման: Իմ ամբողջ ասելիքը պայմանավորված է եղել դրանով: Այս երկիրը մեր երկիրն է, որ Նիկոլ Փաշինյանի երկիրն է, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Ես ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած ֆորմատով օժանդակել կառավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին: Ասել եմ, որ իր նպատակները, սկզբունքները ազնիվ են: Ու քանի որ ազնիվ են, ես ամբողջ ծավալով կօժանդակեմ: Ու այդ դեպքում կապ չունի, ես երկրի ներսում եմ, թե երկրից դուրս»:

Նա հրաժարվեց մեկնաբանել ամիսներ առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա անդրադառնալով Գեւորգ Կոստանյանին՝ ասել էր, որ կամ նա կիլոմետրերով հեռու է իրավաբանությունից, կամ զբաղված է քրեական գործերը կոծկելով եւ բեջուռա էր անվանել նրա տրամաբանությունը: Կոստանյանն առաջարկեց այդ հարցն ուղղել վարչապետին»։