Aravot.am գրում է.

Արդեն մի քանի տասնամյակ աշխատող Ալավերդու պղնձաձուլական գործարանը կփակվի: Այս մասին հայտարարում է գործարանի տնօրինությունը: Գործարանի աշխատակիցներին արդեն բանավոր տեղեկացրել են, գրավոր կծանուցվեն այսօր կամ վաղը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասացին գործարանի աշխատակիցները, որոնք արդեն մի քանի անգամ բողոքի ցույց են արել` մտահոգություն հայտնելով, որ գործարանի փակումը կբերի մեծ թվով մարդկանց գործազրկության, սոցիալական պայմանների վատթարացման ու արտագաղթի: Պղնձաձուլական գործարանում աշխատում են 650-700 աշխատակիցներ, որոնք բնակվում են Ալավերդիում եւ հարակից համայնքներում եւ իրենց ընտանիքներով հանդերձ կազմում են 2000-2500 մարդ: Այսինքն, ըստ աշխատակիցների, այսքան բնակիչ կանգնելու է օրվա հացը վաստակելու խնդրի առաջ՝ հատկապես, որ Ալավերդիում այլ աշխատատեղեր չկան, մարզային իշխանությունները տարիներ ի վեր հույսը դրել են գործարանի վրա եւ տնտեսությունը, այսպես ասած, չեն դիվերսիֆիկացրել. 20-30 տարիների ընթացքում այստեղ թեթեւ արդյունաբերության ֆաբրիկաներ չեն բացվել, գործարանի արտանետումների պատճառով այգեգործությունն ու հողագործությունն էլ չեն զարգացել: «Գոնե կարի ֆաբրիկա լիներ, որ կանայք աշխատեին, կամ մեկ այլ ուղղվածություն, չկա ոչ մի նման բան, ո՛չ Ալավերդիում, ո՛չ էլ հարակից բնակավայրերում, դա է պատճառը, որ գործարանի փակմամբ շատ սուր է դրվելու սոցիալական խնդիրը: Մարդիկ ստիպված կարտագաղթեն, եւ ոչ միայն գործարանի նախկին աշխատողները, այլեւ նա, ով խանութ ունի, ով տաքսի է քշում, տարբեր բնագավառների վրա շատ մեծ ազդեցություն կունենա: Քաղաքում հանցագործությունների թիվը կավելանա, գողություններ եւ այլն»,- մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը: Գործարանի տնօրինության այն պնդումներին, թե փակում են բնապահպանական խնդիրներով պայմանավորված, քանի որ կառավարությունը պահանջել է արտանետումների ծավալը զգալի նվազեցնել, իսկ այդ նորմայով չեն կարող աշխատել, «Համայնքային համախմբման եւ աջակցման կենտրոն»-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը, որը նաեւ «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ է, չի հավատում: Ըստ նրա՝ ներկայումս գործարանը վտանգի առաջ է կանգնած` անցնել ՎՏԲ բանկին, այսինքն` այլ սեփականատիրոջ. «Ամենասկզբում հենց գործարանից այնպես էին արշավն անում, որ տեսեք-տեսեք՝ մեզ տուգանել են, տեսեք՝ մենք չենք կարողանում այդ նորմերը պահպանենք ու դրա համար ստիպված փակելու ենք, բայց հետո ԶԼՄ-ների միջամտությամբ ի հայտ եկան ավելի վտանգավոր երեւույթներ, այն է՝ բանկում գրավադրված է գործարանը եւ կանգնած է նոր սեփականատեր ունենալու առաջ»: Պարոն Դուլգարյանի խոսքով՝ գործարանի տնօրինությունը շեշտը արտանետումների վրա է դրել, որպեսզի մարդկանց ջղայնությունը բորբոքի եւ հարցը բուն խնդրից շեղի: «Ես հոկտեմբերի 1-ին 300-400 աշխատակիցների առաջ տնօրինությանը հարց տվեցի՝ արդյոք կա՞ վտանգ, որ գրավի դիմաց գործարանն անցնի ՎՏԲ բանկին, ինձ գործարանի՝ այդ թվում եւ ֆինանսական պատասխանատուները պատասխանեցին, որ նման վտանգ չկա: Բայց արդեն հոկտեմբերի 8-ին պարզվեց, որ վտանգ կա, եւ հիմնական վտանգը հենց դա է: Այսինքն՝ ինչպես տեղի ունեցավ Թեղուտում: Այն փակում էին՝ ասելով, որ բնապահպանական խնդիրներից ելնելով են փակում, բայց չանցավ 2-3 ամիս, հանքն անցավ ՎՏԲ բանկին: Հիմա նման գործընթաց այստեղ է, եւ մտավախությունը աշխատակիցների, հանրության այն է, որ ինչպես Թեղուտն անցավ բանկին, նույն կերպ էլ գործարանի գործընթացն է գնում»: Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ գործարանի սեփականատիրոջ եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի երեկվա հանդիպումը ոչ թե միայն արտանետումների վերաբերյալ է եղել, այլ քննարկման առարկա է եղել երեք կետ. «Կառավարությունը թույլատրի բարձրացնել արտանետվող ծծմբի քանակները, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց աշխատանքը, որովհետեւ նորմերի շրջանակներում չեն կարողանում: Երկրորդ` որպեսզի կառավարությունը հավանության արժանացնի եւ ընդունի օրենք հայ-չինական համագործակցության շրջանակներում նոր պղնձաձուլարանի կառուցման վերաբերյալ, որպեսզի իրենք կարողանան դրան ընթացք տալ, եւ երրորդ կետը` որպեսզի Հայաստանի կառավարությունը, որպես ՎՏԲ բանկի հետ կնքած պայմանագրի երրորդ կողմ, միջամտի եւ թույլ չտա, որպեսզի գործարանն անցնի ՎՏԲ բանկին: Եթե այսօր կառավարությունը, օրինակ, թույլատրի էլ, որպեսզի արտանետումները գերազանցեն սահմանված նորման, դա չի նշանակում, որ գործարանը կաշխատի: Չի աշխատի՝ մինչեւ ՎՏԲ բանկի հետ կապված խնդիրը չկարգավորվի»,- ասաց Օլեգ Դուլգարյանը: Ըստ մեր զրուցակցի՝ արտանետումների թույլատրելի սահմանը 5-6 հազար տոննան է, բայց գործարանը փաստացի մինչեւ 33 հազար տոննա արտանետում է իրականացրել. «Հիմա արդեն ասում են` ոչ միայն այդ 33 հազարը, այլեւ ուզում են, որ իրենց թույլ տան 38 հազար տոննա արտանետում, ինչը չի բացառվում, որ կհակասի միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներին: Այն, որ բնապահպանական խնդիրը հիմա էլ կա, տեսանելի է, փաստ է, բայց ծավալներն ավելացնելու պարագայում ալավերդցիներն ավելի վատ վիճակում կհայտնվեն, եւ ավելի շատ մարդ առողջական խնդիրներ կունենա»: Ինչ վերաբերում է 380 միլիոն դրամ տուգանքին, որը սահմանվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից՝ արտանետումների ծավալը գերազանցելու համար, ապա երեկ «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը նշել է, որ այն չեղարկելու մասին քննարկում չի եղել: Վարագ Սիսեռյանը հայտնել է, որ հարցը պետք է քննարկեն՝ հասկանալու համար, թե ինչ լուծումներ կարող են առաջարկել: Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում գրավադրված է Թեղուտի հանքավայրի կառուցման համար բանկից վերցրած մոտ 500 միլիոն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից էլ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան արդեն հաստատել են լուրը, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը այլեւս «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի սեփականությունն է: Երեկ Ալավերդու պղնձաձուլարանը շահագործող ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/17/987537/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից