«Փաստ» թերթը գրում է. ««Վանաձորի օր» ամենամյա տոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 12-ին: Շատերն էին նկատել, որ միջոցառմանը Լոռու մարզից ընտրված պատգամավորները ներկա չէին: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից փորձեցինք պարզել՝ պատգամավորներին իրենք չե՞ն հրավիրել, թե՞ նրանք չեն եկել: «Հրավեր բոլորին էլ ուղարկել ենք: Բոլորին, ըստ պաշտոնների, ուղարկվել է, դե՝ հիմա…»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը: Դիտարկմանը՝ այսինքն՝ պատգամավորները չե՞ն եկել, նա ասաց. «Պատգամավորներից կային, երևացին»: Իսկ թե ովքե՞ր կային, որ «երևացին», բայց չտեսանք, նա պատասխանեց. «Չեմ հիշում, բայց ասացին, որ կային»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, չեք տեսե՞լ, ու հարցին, թե Ձեզ ի՞նչ են փոխանցել, ովքե՞ր են եղել ներկաների շարքում, Մ. Ասլանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չեմ ուզում այդ թեման վերլուծել, որովհետև, կարելի է ասել, որ օբյեկտիվ մեղավորությունը մերն էր: Ի սկզբանե տոնը նախատեսված է եղել հոկտեմբերի 6-ին: Գուցե մարդիկ պլանավորել էին ամսի 6-ին գալ՝ շատերին գիտեմ, որ հենց այդպես էին պլանավորել: Քանի որ Շարլ Ազնավուրի հուղարկավորության օրը հայտարարված սգո օրը համընկավ, մենք, բնականաբար, չէինք կարող նշել այդ օրը և միջոցառման օրը տեղափոխեցինք: Այդ պատճառով մարդկանց չեմ մեղադրում: Միգուցե պլանավորած այլ բաներ ունեին, մանավանդ, որ Ֆրանկոֆոնիայի օրեր էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։