– Պարոն Տեր-Աբրահամյան, վարչապետը հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին հրաժարական է տալու, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայանալու։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանին։

– Առիթից օգտվելով՝ նախ ճիշտ կլինի փորձենք կառուցել ավելի հեռուն նայող սցենար, իսկ մյուս հարցերին պատասխանելիս անդրադառնանք բուն՝ մոտակա իրավիճակին: Կարծում եմ՝ մոտական ավելի լավ պետք է հասկանալի լինի հենց հեռանկարային սահմանների մեջ:

Արտահերթ ընտրությունները, եթե դրանք, ինչպես հուսով ենք թերևս բոլորս, բարով-խերով կայանան, ոչ թե ավարտելու են նոր փուլը, այլ ես կասեի՝ նոր-նոր են այն սկսելու: Այսինքն՝ հեղափոխական ցիկլը չի ավարտվում ընտրություններով, և ընտրություններն այս փուլի քաղաքական պայքարի վերջնական հանգուցալուծումը չեն, այսպես ասած՝ վերջնական վճռական ճակատամարտը չեն: Դա թեև կարևոր, բայց հանգրվաններից կամ ճակատամարտերից մեկն է միայն: Ընդ որում, այսօր բոլորին էլ պարզ է, որ եթե ընտրությունները տեղի են ունենում, ապա Նիկոլի առաջարկած ցանկացած ցուցակ ինքնաբերաբար հաղթում է մեծ գերակշռությամբ: Բայց քաղաքականության մեջ հաղթում են հեռանկարով մտածողները, սպասել իմացողները:

Երկու պատճառով ընտրությունները չեն լինելու վերջնական, վճռական հաղթանակ: Նախ՝ ընդհանուր: Ընտրություններն ընդամենը ավարտում են հեղափոխության «տեխնիկական»՝ իշխանափոխության փուլը, այն էլ՝ միայն պաշտոնական իշխանափոխության: Բայց ոչ հեղափոխությունն է միայն իշխանափոխություն, ոչ էլ իշխանափոխությունն է միայն պաշտոնականը:

Փորձեմ բացատրել: Իշխանություն հասկացությունն ունի իր պաշտոնական, արտաքին, ձևական մասը՝ պաշտոնեական դիրքեր, ներկայացվածություն պաշտոնական մարմիններում և այլն, պարզ ասած՝ կառավարություն, ԱԺ և այլ պետական մարմիններ, որը իշխանության կարևոր, բայց ոչ միակ մասն է: Իշխանություն երևույթն ունի, բացի ձևից, նաև բովանդակային մաս: Իշխանությունն ընդհանրապես ազդեցությունն է կամ ազդեցություն գործադրելու կարողությունն է հանրային կյանքի, զարգացումների, խմբերի վրա: Պաշտոնեական դիրք ունենալը բնականաբար կարևոր ռեսուրս է նման ազդեցություն ունենալու և դրա չափը մեծացնելու համար: Բայց միայն պաշտոնեական դիրքը չէ, որ նման կարողություն տալիս է: Այլևայլ ռեսուրսների տիրապետելը նույնպես հնարավորություն է տալիս ազդեցություն գործադրել՝ առանց պաշտոնեական դիրքի իսկ: Այդ ռեսուրսները շատ տարբեր կարող են լինել՝ անձնական հեղինակություն, ժողովրդականություն, ներքին և արտաքին կապեր, հարստություն, մեդիա ռեսուրսներ, կազմակերպչական ռեսուրսներ և այլն, և այլն: Պարտադիր չէ ունենալ բոլորը միասին: Կարելի է ընտրովի մի քանիսի հիմքով ստեղծել սեփական ազդեցություն, փաստացի իշխանության մի մասին տիրանալ և մասնակցել քաղաքական խաղին նույնիսկ առանց պաշտոնականի:

Այսօրվա կառավարության իրական իշխանության հիմքն է ժողովրդական լայն աջակցությունը և Նիկոլ Փաշինյանի անձնական անվերապահ հեղինակությունը, ներուժը և «խարիզման» (հայերեն բառացի թարգմանությամբ՝ շնորհքը): Սրա շնորհիվ նրանք տիրացել և տիրանում են նաև պաշտոնական իշխանությանը: Բայց, օրինակ, փողի, մեդիայի, կազմակերպչական ռեսուրսների դաշտում, գուցե նաև արտաքին կապերում նրանք առավելություն, կարծես, չունեն, և այնպես չէ, որ նույնիսկ ԱԺ-ում առավելագույն տոկոս ստանալուց հետո կարող են ունենալ: Սա ինքնին աշխարհի վերջը չէ, բայց նշանակում է, որ փաստացի, բովանդակային իշխանության մի մասը մնալու է պաշտոնականից դուրս:

Հիմա գանք երկրորդին. հաշվի առնելով իշխանության՝ պաշտոնական և ոչ պաշտոնական մասի բաշխման քարտեզը՝ ի՞նչ տիպի քաղաքական պայքար կարող է ծավալվել Հայաստանում մոտակա մեկ-երկու տարվա մեջ: Ապագա կառավարության քաղաքականությունը պետք է տեղավորվի, հավասարակշռություն գտնի երկու բևեռների միջև: Մի կողմից՝ հեղափոխական բևեռն է: Սրա մեջ մտնում են լայն ժողովրդական աջակցության արդարացումը, այդ առանցքային ռեսուրսը ոչ միայն չկորցնելու, այլև ամրացնելու և, կազմակերպելով, ավելացնելու անհրաժեշտությունը, մեծամասնության պահանջների, շահերի, հույսերի սպասարկումը: Սա բարդ, բայց ոչ անհնարին գործ է: Մոդայիկ է խոսել էյֆորիայի և դրա անցողիկության մասին: Սա կեղծ խոսակցություն է, քանի որ ելնում է այն հեռանկարից, որ քաղաքականությունն ընդամենը «տեխնոլոգիա է», և քաղաքական արվեստը ժողովրդին լավ խաբելն է: Իրականում որևէ քաղաքական ուժ կարող է ունենալ լայն ժողովրդական աջակցություն շատ տևական ժամանակ, եթե իրապես սպասարկում է մեծամասնության շահերն ու պահանջները: Այլ հարց է, որ դա ամենևին էլ հեշտ լուծվող խնդիր չէ: Հեղափոխության մասն է նաև մեծ և վճռական նպատակներ ձևակերպելու և լուծելու կարողությունը, որի համար անհրաժեշտ է հանրային մոբիլիզացիայի լայն չափ, վճռականություն, կենտրոնացում: Հեղափոխությունը իշխանափոխությունը չէ, այլ երկրի վճռական կառուցումն ու վերակառուցումը: Սա մի բևեռն է:

Երկրորդ բևեռն «ուժեղների»՝ ներսի և դրսի էլիտաների շահերն են: Հեղափոխական քաղաքականությունը՝ մեծամասնության շահերի սպասարկումն ու մեծ, վճռական նպատակների ձևակերպումը, գրեթե անխուսափելիորեն հակասություն է ստեղծում ներսի և դրսի էլիտաների՝ «ուժեղների» շահերի հետ: Ուզես էլ՝ դժվար է դրանց ընդհանրապես չդիպչել: Եվ նույնիսկ եթե ուղղակիորեն չես դիպչում, բնազդի մակարդակում «ուժեղները»՝ ներսում թե դրսում, անվստահություն ունեն հեղափոխականության հանդեպ, քանզի դա ի վերջո հանգեցնում է ցանկացած գերիշխանության՝ ներքին թե արտաքին դիրքերի թուլացման և հակառակը՝ տվյալ ազգի (ժողովրդի և նրա պետության) ինքնիշխանության բարձրացման:

Հետևաբար կառավարությունը ստիպված պետք է լինի գործել այս երկու բևեռների միջև: Մի կողմից՝ բավականաչափ գիտակցություն, կամք, վճռականություն ունենա՝ իրացնելու հեղափոխական քաղաքականություն, մյուս կողմից՝ բավականաչափ ճկուն լինի, որպեսզի որտեղ հնարավոր է՝ «ուժեղների» հարցը խաղաղ կերպով լուծի: Պետք է լինի միաժամանակ և՛ առյուծ, և՛ աղվես: Եթե չափից ավելի շեշտվում է հեղափոխական բևեռը, ապա մեծանում է ուժեղների համախմբված դիմադրության հնարավորությունը, բայց եթե չափն է անցնում ճկունությունը, ապա կորում է ժողովրդական աջակցությունը, իսկ դրանով նաև հիմնական իշխանական ռեսուրսը, որն ունի այսօրվա կառավարությունը: Սրան էլ գումարած այն խնդիրը, որ իշխող թիմը, որպես ամբողջություն, և ամեն մեկն առանձին պետք է միշտ հիշեն, որ իրենք ոչ թե էլիտայի խմբերից մեկն են՝ կրողը առանձին գաղափարախոսության, աշխարհայացքի, ասենք՝ լիբերալիզմի կամ այլ նման ուղղության և այլնի, որի ծրագրային դրույթները պետք է իրացնեն, որպեսզի «լավ լինի», այլ համաժողովրդական, համազգային փաստացի շարժման ներկայացուցիչներ են, որոնք պարտավոր են միայն համազգային, համաժողովրդական օրակարգ առաջ տանել: Որպես այս կամ այն գաղափարախոսության կրող՝ նրանք իսկի ԺԵԿ-ի պետ չէին դառնա նույնիսկ 100 տարվա պայքարից հետո, բայց համազգային մոբիլիզացիայի ալիքով նրանք դարձան Հայոց պատմության առաջ պատասխանատու անհատներ, այլ ոչ թե սոսկ նախարարներ և պետեր: Նախարարի պաշտոնն ինքնին ստից բան է: Ով ասես՝ կարող է նախարար դառնալ մեր դարում: Բայց պատմության առջև պատասխանատուն, «հայոց իշխան և նախարար» լինելը սարսափելի պատասխանատվություն է, որի համար հետագայում կա՛մ օրհնում, կա՛մ անիծում են: Ըստ որում, սրանք պաթետիկ խոսքեր չեն, այլ շատ պրոզայիկ, չոր օրինաչափություններ՝ բազմիցս կրկնված պատմության մեջ:

Ամփոփելով՝ ասենք ուրեմն, որ իրավիճակի քարտեզագրումը՝ դրա երկու հիմնական բևեռների ուրվագրումը, հանգեցնում է այն եզրակացության, որ մոտակա հեռանկարում, մի քանի տարվա ընթացքում քաղաքական իրավիճակը ոչ թե փակվելու է, վերադառնալու է սովորական հուն, առօրյա կուսակցական կոմպրոմիսային դաշտ է մտնելու, այլ հակառակը՝ ավելի բացվելու է, լայնանալու է, դինամիկ է լինելու և դեռ բազմաթիվ հանգուցային կետերի միջով է անցնելու: Կհաջողի նա, ով ուշադիր կլսի ոչ թե իր միշտ արագ հնացող պատկերացումներին ու արտաքին միջավայրով ձևավորված գիտակցությանը՝ գիտելիքներին ու աշխարհայացքին, այլ նա, ով իր բնազդը լարելով՝ կհետևի գործընթացի ներքին տրամաբանությանը, թելադրանքին, ու համապատասխանաբար դինամիկ ու բաց կլինի ինքը՝ չվախենալով հաղթահարել նախ ինքն իրեն: Հեղափոխությունը վճռական նպատակներով պատերազմ է, այլ ոչ թե սահմանափակ նպատակներով «տարածքային վեճ», հետևաբար այն ավարտվում է ոչ թե պաշտոնական մի քանի դիրքերի գրավմամբ, այլ լիարժեք, վճռական հաղթանակով:

– Շատ վերլուծաբաններ նշում են, թե վարչապետի հրաժարականի դեպքում հնարավոր են լուրջ ներքաղաքական ռիսկեր։ Արդյոք հակահեղափոխական ուժերը կարո՞ղ են սրել իրավիճակը։

– Ինքս շատ մտահոգված եմ եղել ի սկզբանե հրաժարականի գնով ընտրություններին հասնելու մարտավարությամբ, համարել եմ այն վտանգավոր՝ հասկանալի պատճառներով: Մանավանդ, որ օգոստոսի 17-ի հանրահավաքին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այլ տարբերակ էր առաջարկում՝ սահմանադրական փոփոխություններ, հանրաքվե և այլն:

Բայց երբ որոշումն ընդունված է, վիճակը գցված է, արդեն պետք է ոչ թե վախենալ, այլ հակառակը՝ պետք է վճռականորեն իրացնել մեկ անգամ ընդունված որոշումը: Որևէ որոշում հնարավոր չէ իրացնել առանց գոնե որոշ չափի ռիսկի դիմելու:

Այս պահին, կարծես, «դավադրության» սցենարի հավանականությունը զգալիորեն նվազել է: Բոլորս էլ ականատես եղանք, որ նշմարվող «դավադրությունը» կամ հենց ձեր ասած՝ «հայկական ԳԿՉՊ»-ն կարծես տապալվեց՝ չհասցնելով նորմալ ձևավորվել իսկ:

Դա չի նշանակում, սակայն, որ կարող ենք իսպառ բացառել որևէ անսպասելի զարգացում, բայց արդեն պակաս հավանականությամբ, քան, ասենք, հոկտեմբերի սկզբին էր: Ամեն դեպքում հանրությունը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում արագ և կազմակերպված հակադիմադրություն ցուցադրելու «դավադրության» ցանկացած փորձի, պետք է ամեն մեկը պատրաստ լինի պատասխանատվություն վերցնել, ինքն իրեն զգալ իրավիճակի տերը և ինքնիշխան միավորը: Պետք է պատրաստ լինեն անհատներն ու խմբերը՝ հարկ եղած դեպքում ամենավճռական, ամենակամային քայլերի՝ արագ և արմատապես կանխելու համար ցանկացած դավադիր գործողություն՝ ընդհուպ մինչև ուժային լուծումներ: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն վիճակ, այլ կա Հայաստանի տիրոջ, որը յուրաքանչյուրս ենք, և Հայաստանի դեմ դավադրության իրավիճակ:

– Վարչապետի հրաժարականից հետո Հայաստանը փաստացի երկու շաբաթ անկայուն իրավիճակում է գտնվելու։ Հեղափոխության ռեսուրսները կբավարարե՞ն՝ զսպելու հակահեղափոխականներին։

-Նախ՝ պետք է այստեղ էլ մի փոքր քարտեզագրում անենք իրավիճակի՝ հասկանալու համար, թե ինչ ուժերի և գործոնների հետ գործ ունենք: Հակահեղափոխություն բնորոշումը բավականին անորոշ է, ճարտասանական: Պետք է ավելի կոնկրետ պատկերացում: Կարծում եմ՝ այսպես ասած, «ոչ հեղափոխական» ճամբարում իրականում կա ոչ թե մեկ, այլ առնվազն երկու մոտեցում, երկու գործող, որոշում ընդունող սուբյեկտ: Վստահորեն չեմ կարող պնդել, բայց կարծես և՛ մայիսի սկզբի, և՛ հոկտեմբերի սկզբի, և էլի մի քանի հանգուցային իրավիճակների սցենարը հուշում է նման «քարտեզ»: Մենք անընդատ ականատես ենք լինում յուրահատուկ ճոճանակի, ոչ այնքան լավ բացատրելի և հասկանալի տատանումների: Օրինակ՝ նույն ՀՀԿ-ն և՛ մայիսին, և՛ հոկտեմբերին իրեն բավականին տարօրինակ պահեց՝ կարճ ժամանակում տատանվելով երկու ծայրահեղ հակադիր՝ մեղմ, խաղաղ և կոշտ, «ռազմական» դիրքորոշումների միջև: Հոկտեմբերին նույնը նկատվեց նաև ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի դեպքում: Պատկերավոր ասած՝ մի օր առյուծի կաթ խմած, մյուս օրը՝ մեղր դարձած: Այս ճոճանակը պետք է ինչ-որ բացատրություն ունենա:

Կարծում եմ, որ բացատրություն կարող է լինել հետևյալը: Ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ առավել ևս մյուսներն իրենք իրենցով միասնական քաղաքական սուբյեկտներ չեն, բուն գործող անձինք չեն: Դրանք միայն անվանական, «պաշտոնական» խաղացողներ են: Իսկ անվանականի կուլիսներում կարելի է ենթադրել ոչ թե մեկ, այլ երկու իրական գործող բևեռ, որոնցից մեկի ռազմավարությունն է՝ հնարավորինս արագ, արմատական և կոշտ քայլերը, իսկ մյուսինը՝ համբերատար, ավելի հեռանկարային, հանգիստ խաղը: Եվ երկկողմանի հակադիր ազդեցությունը հանգեցնում է արտաքուստ քաոտիկ, ճոճանակային պատկերի: Բուն «հակահեղափոխականը» հենց առաջին՝ ծայրահեղական բևեռը պետք է համարել: Ընդ որում, այս բևեռում կարծես կենտրոնացած են անձինք և խմբեր, որոնք Սերժ Սարգսյանի օրոք էլ ուղղակի կամ անուղղակի ներգրավված են եղել «դավադրությունների» մեջ: Նրանց համար հեղափոխությունը Սերժին իշխանությունից հեռացնելն էր միայն, իսկ դրանից հետո նրանք պատկերացնում էին ժողովրդին տուն ուղարկելը, ժողովրդական առաջնորդի վերածված Նիկոլին մի ինչ-որ «պատառ» տալը և իշխանությունը վերցնելը: Ահա սա է, կարծես, բուն հակահեղափոխական ակտիվ բևեռը, այսպես ասած՝ հեղափոխությունից «մանթրաշ» ընկածները, քանի որ ամեն բան զարգացավ ոչ իրենց պատկերացրած սցենարով, չնայած սկիզբն իրենց համար հուսադրող էր: Սա «հակահեղափոխության» միջուկն է, բայց ոչ ամբողջը, իհարկե:

Հեռանկարի իմաստով պետք է հետևյալն արձանագրենք: Միայն ներքին ռեսուրսով «հակահեղափոխությունը» հաջողության հնարավորություն չունի: Խաղաղ իշխանափոխության ռեսուրս նրանք չունեն: Իսկ ոչ խաղաղ միջոցների կիրառումն արդեն, կարծում եմ, կախված է ոչ միայն ներսի, այլև դրսի ուժերի ներգրավումից: «Դուրսը» կարծես այս պահին նպատակ չունի ինչ-որ ծայրահեղական քայլերի: Պետք է հաշվի առնել, որ նույնիսկ ամենահզոր տերության համար ուժային արմատական քայլերի դիմելը մեծ ռիսկ է և ծախս, որին միշտ չէ, որ հնարավոր է դիմել: Ցանկացած ուժ իր նպատակներին փորձում է հասնել նախ՝ խաղաղ միջոցներով: Մեր նոր իշխանության խնդիրը պետք է լինի այստեղ ճիշտ հասկանալ արտաքին ուժերի նպատակները, ուղերձները, ճիշտ քարտեզագրել արտաքին աշխարհը՝ անակնկալներ չունենալու համար:

Մյուս կողմից՝ ինձ համար հստակ է, որ այսօր արդեն կա կազմակերպված նպատակասլաց դիմադրություն ներկա իշխանության դեմ, որն ուժի մեջ է մնալու՝ անկախ ընտրությունների արդյունքներից: Դժվարանում եմ ասել, թե ով է և քանիսն են այդ դիմադրության իրական սուբյեկտները, բայց հստակ է, որ դա կա, և դա հետևողական նպատակներ ունի և չի պատրաստվում հանձնվել: Քաղաքականության մեջ հնարավորություն չկա ամեն բան մանրամասն վերլուծելու, փաստարկելու, շատ բան հնարավոր է միայն զգացողությամբ կամ մի քանի ոչ մինչև վերջ բացատրելի հետքերով վերլուծել միայն: Ես ունեմ հստակ զգացողություն, որ ինչ-որ մեկը կամ «մեկերը» հեռանկարում չեն պատրաստվում թուլացնել ճնշումը, և համաժողովրդական աջակցությունը նրանց համար լուրջ արգելակ չէ:

– Ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ, սակայն որքանո՞վ մասնակից ուժերին կհաջողվի գաղափարական պայքար մղել, ներկայացնել երկրի զարգացման իրենց տեսլականը։

– Առաջին հետհեղափոխական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և իրականում պետք չէ շատ բան սպասել դրանցից քաղաքական դաշտի վերջնական կայացման իմաստով:

Առավել կարևոր, ռազմավարական խնդիր են հաջորդ մեծ ընտրությունները: Դրանց նախ՝ ազատ և թափանցիկ լինելը: Երկրորդ՝ դրանց արդյունքով ձևավորվելիք իրապես նոր քաղաքական դաշտը: Բայց դա ինքն իրենով չի լինի: Ե՛վ իշխանությունը, և՛ հասարակությունը պետք է հստակ գիտակցություն, կամք, ծրագիր ունենան մինչև հաջորդ մեծ ընտրությունները հայաստանակենտրոն, իրապես բազմաբևեռ, բայց միաժամանակ՝ արժեքներով միասնական քաղաքական դաշտի կայացման: Սա պետք է շատ հստակ գիտակցեն՝ ինքն իրենով կայացման տեսությունը չի աշխատելու: Ցավոք, մեր հանրության մեջ, այդ թվում՝ «հեղափոխական հատվածում», տարիների ընթացքում գերակայող է այն մտածողությունը, որ բավական է ունենալ լավ օրենքներ և գործադրել դրանք, բավական է «վատ բաները»՝ կոռուպցիա և այլն, վերացնել, ու ամեն բան ինքն իրենով կկայանա՝ քաղաքական դաշտ, տեղեկատվական դաշտ, տնտեսություն, մշակույթ և այլն: Սա մանկական լիբերալիզմն է, որը եթե չհաղթահարվի, իրական հեղափոխություն չի լինի, ու ամեն բան կվերադառնա իր տեղը: Ի վերջո՝ այն, ինչ ունեինք, արդյունք էր հենց նման հետսովետական մանկական լիբերալիզմի: Ինքն իրենով, ոչինչ՝ բացի ջունգլիներից, ուր հաղթում է միայն ուժեղը, չի ձևավորվում:

– Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հանրային աջակցության ահռելի մասը գործող իշխանությանն է։ Առաջարկվող Ընտրական օրենսգրքով, սակայն, չորս ուժ պիտի լինեն նոր խորհրդարանում։ Ի՞նչ պատկեր կունենանք մենք Ազգային ժողովում։

– Քանի որ քաղաքական դաշտը չի կարող այսքան կարճ ժամկետում համապատասխանել նոր իրավիճակին, այդ երեք թե չորս ուժի պարտադիր ներկայություն խաղը բավականին արհեստական արդյունքների կարող է բերել: Սրանով ոչ թե օգնում ենք քաղաքական ուժերին, այլ մի բան էլ վնասում, քանի որ յուրահատուկ ձրիակերություն ենք սովորեցնում: Ես չեմ հասկանում, թե ինչի պետք է իմ ընտրությունը ինչ որ մեկը «բաշխի» այնպես, որ արհեստական հավասարակշռություն ստեղծվի, և մարդիկ, որոնք իրական ձայներ չեն ստացել, հայտնվեն խորհրդարանում ու հարկատուների հաշվին զբաղվեն իբր քաղաքական գործունեությամբ:

Ես հասկանում և ընդունում եմ այլընտրանքի անհրաժեշտությունը, սակայն չորս ուժը և նույնիսկ երեք ուժը, պարտադիր 30 տոկոսը, ըստ իս, արհեստական, թղթային լուծումներ են, որոնք մեզ է՛լ ավելի են հեռացնում իրական ժողովրդավարությունից, որից զուտ պառլամենտական-կուսակցական համակարգն առանց այդ էլ ահագին հեռու է:

Կարծում եմ, որ նոր խորհրդարանը ներկայացնելու է անցումային և ինչ-որ իմաստով ոչ այդքան կայուն քաղաքական պատկեր: Հին ուժերը, որոնք այսօր դեռ հնարավորություն ունեն անցնելու ԱԺ, մանավանդ շնորհիվ պարտադիր տոկոսների, մոտակա մի քանի տարվա ընթացքում լուրջ վերադասավորումների են ենթարկվելու իրենց ներսից իսկ: Մի մասը քայքայվելու է, տրոհվելու է, հիմք է դառնալու նոր ուժերի, մի մասը փորձելու է «խցկվել» իշխանություն, մյուս մասն էլ, գուցե հակառակը՝ նորովի համախմբվելու է, իր նոր տեղն ու դերն է գտնելու: Ինձ թվում է՝ ԱԺ այդ 30-տոկոսանոց ոչ իշխանական հատվածը բավականին քաոտիկ և փոփոխական, անկայուն պատկեր է ունենալու: Վերջն այնպես կարող է ստացվել, որ մի հատ էլ արտահերթ ընտրություն ստիպված լինենք անցկացնել, որովհետև 2018-ի դեկտեմբերի ԱԺ-ն կարող է արդեն մեկ-երկու տարի անց համարժեք չլինել իրականությանը: