ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում , որ Հայաստանը չունի ինքնիշխանության սահմանափակումներ, իսկ ինքը, որպես երկրի ղեկավար, այդ ինքնիշխանության երաշխավորն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ընդհանրապես շատ են խոսում Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայության մասին՝ հիմնավորելու համար այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակումներ ունի: Ես հավաստիացնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը այնքան անկախ է, որքան Ֆրանսիայի Հանրապետությունը: Տվյալ իրավիճակում ես ինձ համարում եմ Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը և ուրախ եմ, որ բոլոր մեր գործընկերները՝ ներառյալ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են հակակոռուպցիոն պայքարին Հայաստանում: