«Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում անդրադառնալով վերջին ամիսներին ՀՀ-ում շարունակվող գնաճին, ուշադրություն է հրավիրել հատկապես ձվի գնի բարձրացմանը: Նա տեսակետ է հայտնել, որ ձվի շուկայում դեմպինգի փորձ է արվել դեռ 2017թ. սետպեմբերին:

«2017-ի սեպտեմբերի համեմատ` այս սեպտեմբերին 26.2 տոկոսով ձուն թանկացել է: Հիշում եք` նախորդ տարում արտադրողները կազմակերպված իջեցրին գները: Ես որքան հասկանում եմ, դա կազմակերպված, ինչ-որ մի տեղ դեմպինգային գործողություն էր. շուկայից դուրս մղել ավելի ոչ մրցունակ եւ քիչ արտադրող ընկերություններին, հետո գները կտրուկ բարձրացնել:

Այս թեման ես կարծում եմ, որ պետք է դառնա ՏՄՊՊՀ-ի օրակարգ: Եվ պետք է լրջորեն հետեւել, թե ձու արտադրողները ինչու ձայն ձայնի տված բարձրացրեցին գները»,- հայտարարել է տնտեսագետը: Իսկ ընդհանրապես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 2.6 տոկոս:

Ընդ որում, գնաճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում: Սննդամթերքի եւ ալկոհոլային խմիչքի դեպքում գնաճը կազմել է 1.2 տոկոս: Մասնագետների պնդմամբ` այս ամենի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի` 2.2, մսի` 2.3, կաթնամթերքի` 4.9 տոկոս գնաճը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: