ԱԺ նախկին պատգամավորը սպանել է մեկ այլ նախկին պատգամավորի, ապա ինքնասպան է եղել։ Այս մեկ նախադասության «քվենտինտարանտինոյական» բովանդակությունը բոլորովին էլ ֆիլմից վերցված չէ, այլ մաքուր հայաստանյան իրականություն։ Իրականություն, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ քրեաօլիգարխիան կորցնում է իր արբիտրին, կամ նույն այդ քրեաօլիգարխիային ավելին բնորոշ լեզվով ասած՝ «նայողին»։ Ոչ վաղ անցյալում երկրի օրենսդիրներ եղած մարդիկ սպանում են միմյանց սեղանի շուրջ։

 Բոլորս գիտենք, թե ինչ է սեղանը, բոլորս գիտենք, որ ժողովրդական պատկերացումներում հացը սրբություն է, իսկ հացի շուրջ արյունահեղությունը՝ սրբապղծության գերագույն աստիճան։ Սակայն անգամ հացը չի կարող կանգնեցնել ներօլիգարխիկ վենդետան։ Ըստ էության, այն ինչ կատարվեց երևանյան ռեստորաններից մեկում ներկլանային վենդետտայի դասական օրինակ է։ Ինչու՞ հնարավոր դարձան նման սկանդալային սպանություն ու ինքնասպանությունը երկու նախկին պատգամավորների կատարմամբ։ Այս հարցն ըստ էության, ունի երկու պատասխան։

Մի կողմից կենցաղային վեճ, որի առարկան ըստ տեղեկությունների, գույքի հետ է կապված, մյուս կողմից՝ արբիտրի բացակայության պայմաններում՝ ինքնիրավչության իրականացում։ Ընդհանրապես քրեաօլիգարխիան ունի իր կանոնները, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունեն արբիտրները։ Մեր դեպքում ցավոք, արբիտրի դերակատարությունը վերապահված է եղել իշխանության բարձրագույն օղակներին։ Այստեղ խնդիրը, ոչ արդարությունն է,ոչ արդարադատությունը, ոչ էլ որևէ իրավական այլ բան, խնդիրը վաստակածը, գողացածը, յուրացրածը բաժանելու մեջ է։ Կարո՞ղ էր արդյոք մինչապրիլյան Հայաստանում լինել նման հարցերի շուրջ սպանություն, միգուցե և կարող էր, սակայն ամենայն հավանականությամբ նման զարգացում չէր լինի, որովհետև միմյանց հետ փողի վեճ ունեցողները դիմելու էին արբիտրի դատին, վերջինս էլ որևէ որոշում կկայացներ ու «գայլերը կուշտ են, գառներն՝ անվնաս»։

 Ցավոք, չի բացառվում, որ առաջիկայում նույնպես մենք ականատես լինենք նմանօրինակ բախումների, կրակոցների ու վեճերի, որովհետև այսօր չկա արբիտր, քայքայվում է են քրեաօիլիգարխիայի բոլոր ուղղաձիգ և հորիզոնական կապերը և սկսվում է ներկլանային վենդետտաների պարարտ նախադրյալներ։ Ընդհանուր առմամբ, օրստօրե քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը դատռնում է անխուսափելի և այս պայմաններում այդ համակարգը ներկայանում է իբրև Քրոնոս, որը խժռելու էր իր զավակներին։ Հուսանք սակայն, որ  այդ համակարգի փլուզումը արյունոտ չի լինի, քանի որ արյունն ամեն դեպքում ողբերգություն է։