Հնդկաստանը ռուսական С-400 «Триумф» համակարգերը ձեռք է բերել, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ Բիփին Ռավաթը՝ հավելելով, որ իր երկիրն անկախ քաղաքականություն է վարում, փոխանցում է The New Indian Express-ը:

Հնդիկ պաշտոնյանը նշել է, որ Մոսկվան կարող է հանգիստ լինել, քանի որ Հնդկաստանը շփումների մեջ է ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար, սակայն շարունակում է մնալ անկախ:

Հնդկական բանակի գեներալը նաև հավելել է, որ իր երկիրը հետաքրքրված է և կարող է ձեռք բերել ռուսական ուղղաթիռներ, ինչպես նաև այլ զինատեսակներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ռուսաստանն ու Հնդկաստանը հայտարարեցին 5,43 միլիարդ դոլարի գործարքի մասին, ինչով ռուսական կողմը C-400 համակարգեր է վաճառելու հնդկական կողմին: Դրան անմիջապես հաջորդեց ամերիկյան հայտարարությունը, որով Վաշինգտոնը հիշեցրեց ռուսական կողմի հետ ռազմական համագործակցության համար կիրառվելիք պատժամիջոցների մասին: