ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ:
Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը:

Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու դպրոցն ավելի գրավիչ դարձնել, եթե չկա այն Ուսուցիչը, ով կարող է հետաքրքրություն առաջացնել աշակերտի մեջ, ով կարող է օգնել նրան՝ ճանաչելու աշխարհը:

Ինչքան էլ արագ փոփոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք, այն Ուսուցչի, որի խոսքն ուղղել է մեր միտքը, որի տված գիտելիքը դարձել է առաջնորդող ուժ եւ մեզ օգնել նույնպես առաջնորդ դառնալ, առաջնորդ՝ մտածելու եւ գործելու, առաջնորդ՝ աշխատելու եւ պայքարելու, եւ իհարկե, առաջնորդ՝ առաջնորդելու առումով:

Այսօրվա Հայաստանում հասարակությունն սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաեւ գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ:

Սիրելի՛ մանկավարժներ,

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է:

Ուսուցիչը որպես կոչում շարունակում է լինել առանձնահատուկ: Այդպիսին էլ պետք է մնա մեր՝ աշակերտներիս վերաբերմունքը ձեր՝ ուսուցիչներիդ հանդեպ:
Շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ:

Առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»: