Վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարության մեջ ՀՅԴ-ն «ստիպված» արձանագրում է, որ Հայաստանում ժողովրդավարության քողի տակ տեղի է ունենում քաղաքական մենիշխանության հաստատում։ Ինչպես կասեր դասականը՝ «Իյա, իրո՞ք»։ Փաստորեն ստացվում է, որ ընդամենը 5-6 ամիս առաջ երկու ժամկետ ՀՀ նախագահ եղած գործչին Հայաստանի վարչապետի պաշտոնում սատարելուց, ՀՅԴ-ն չուներ քաղաքական մենիշխանության հաստատման մտավախություններ, իսկ հիմա ունի։

            Դրանից առաջ էլ, ՀՅԴ-ում կրկին մտահոգություններ չկային,  երբ դաշնակցական գործիչները գյուղեգյուղ ընկած կոչ էին անում քաղաքացիներին «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին, այն բարեփոխումներին, որոնց կյանքի կոչման արդյունքում է նաև ստեղծվել ներկայիս «սուպերվարչապետկան համակարգը» և որից այնքան դժգոհ են «հին ընկերները»։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում,  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարում էր, թե  «Սերժ Սարգսյանին տրվելիք լիազորություններում սուպերվարչապետության վտանգներ չի տեսնում»։ Թե ի՞նչն է այսօր փոխվել, դժվար է ասել, գուցե վարչապետի անձը՞։

            Չէ, հասկանալի է, որ ՀՅԴ-ն միշտ առաջնորդվում է պետական շահով, համենայնդեպս մշտապես այդ մասին հայտարարում է, սակայն մյուս կողմից հարց է առաջնում, գուցե պետական շահի տակ ՀՅԴ-ն հասկանում է զուտ սեփական շահը։ Շեշտենք, որ չենք ուզում ասել, թե ՀՅԴ-ն շահամոլ կուսակցություն է, քավ լիցի, պարզապես ՀՅԴ-ն, որպես Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր և 128-ամյա քաղաքական ուժ, իրեն սերտաճած է զգում երկրի հետ։

Իրականում խնդիրն այստեղ միայն ՀՅԴ-ի դիրքորոշումների արագընթաց և տրամագծորեն հակառակ զարգացումների մեջ չէ, այլ հայաստանյան քաղաքական դաշտում տիրող քաղաքական ու գաղափարական անսկզբունքայնության, պատեհապաշտության և այսօրինակ արատավոր երևույների չափից ավելի արմատավորվածության։ Եվ սա առավելապես վերաբերում է ՀՅԴ-ին այն պարզ պատճառով, որ վերջինս իսկապես էլ առանձնանում էիր երկարամյա պատմության, գաղափարական քաղաքական ուժ ներկայանալու հավակնություններով։ Սակայն այդ հավակնությունները հակադրության մեջ են մտնում ռեալ պոլիտիկ պարագայում։

ՀՅԴ-ն փաստացի այսօր բողոքում է ոչ թե սուպերվարչապետական համակարգից, այլ որ այդ համակարգում վարչապետը Սերժ Սարգսյանը չէ։ Այլ կերպ ասած խնդիրն այստեղ սկզբունքները չեն այլ զուտ անձինք։ Նման պայմաններում շատ ավելի ազնիվ կլիներ, տարատեսակ գաղափարական «լոլոների» փոխարեն ուղղակի հայտարարեին, որ խնդիր ունեն անձամբ ներկայիս վարչապետի հետ, ով շրջանցելով հայկական ամենահեղափոխական անունն ունեցող քաղաքական ուժին հեղափոխություն իրականացրեց։

Վերջապես, առնվազն զարմանալի է, թե որ շահերով կամ որ պետական շահերով կամ էլ թե որ պետության շահերով է առաջնորդվում «հին ընկերը», երբ ուղղակիորեն բացեիբաց ցույց է տալիս, որ կամ չի ընկալում Հայաստանում կատարված իրադարձությունների բովանդակությունը կամ էլ խորը դեպրեսիայի մեջ է ընկել՝ զրկվելով իշխանության մի փոքրիկ մասնիկին տիրապետելու հնարավորությունից։