Հայաստանում ներդրումներ իրականացնելու նպատակով աշխարհի տարբեր ծայրերից օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին բազմաթիվ գործարարներ են այցելել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի գրասենյակ: Այս մասին հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ճիշտ է, որ գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ներդրումներ անեն, ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Ներդրողները ոչնչի չեն սպասում: Օգոստոս ամսվա ընթացում ու սեպտեմբերին իմ գրասենյակ շատ ներդրողներ են եկել: Քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են ընկալվում գործարարների կողմից: Աշխարհի բոլոր երկրներից ու տարածաշրջաններից մեզ մոտ եկել են ներդրողներ ու գործարարներ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում նոր գործունեություն ծավալելով»,- ասաց Գասպարյանը:

Գասպարյանը միաժամանակ նշեց, որ արտահերթ ընտրությունները կարևոր են նրանով, որ կարձանագրեն Հայաստանում քաղաքական իրական պատկերը:

«Բոլոր ներդրողներն ու գործարարները, որոնք եկել են մեր գրասենյակ, բոլորը առաջին հերթին նշում են այս քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում: Երևանի քաղաքապետի ընտրությունը մեծ նվաճում էր, որովհետև դա արձանագրեց քաղաքական իրական պատկերը»,- նշեց վարչապետի գլխավոր խորհրդականը:

Արսեն Գասպարյանը համաձայն չէ այն ձևակերպմանը, թե ՀՀ-ում առկա քաղաքական ճգնաժամը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վիճակի վրա:

«Առաջին հերթին ժողովրդի պահանջն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: ՀՀ-ում առկա քաղաքական ճգնաժամը տնտեսության վրա ազդեցություն չի ունենա, որովհետև Հայաստանի վիճակը կայուն է»,- ասաց նա: