Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում փոփոխությունների շուրջ առաջարկություններին ու տարբերակներին, ինչպես նաև դրանց՝ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: Ներկայացված առաջարկությունների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ: Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հարկային համակարգի հետևողական բարելավման ուղղությամբ և, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, հայեցակարգում իրականացնել լրամշակումներ: