«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը, անդրադառնալով ԵԽ ԽՎ համազեկուցողի տարածած հայտարարությանը ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, ասել է. «ԵԽ ԽՎ համազեկուցողի հայտարարությունը չափազանց ուշագրավ է թվում: Այն պատահական կոչ չէ՝ ուղղված հայաստանյան քաղաքական դաշտին՝ նպատակ ունենալով պարզապես խաղաղեցնել իրավիճակը, ինչը հաճախ է արվում: Հայտարարության տեքստը բովանդակային ու թիրախային է, տեսանելի է, որ համազեկուցողը տիրապետում է իրավիճակին, վերջին բոլոր զարգացումներին` ընտրություններին, դրանց հաջորդած ներքաղաքական իրադարձություններին, որոնց գագաթնակետը հոկտեմբերի 1-ն էր»:

Ըստ նրա՝ տեսանելի է, որ կա որոշակի աջակցություն ՀՀ նոր իշխանությանը, բայց ոչ անվերապահ աջակցություն այդ իշխանության գործողություններին: Զաշտովտի խոսքով՝ ինչպես երևում է, համազեկուցողին անհանգստացնող հանգամանքն արագացված կարգով խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ՀՀ իշխանությունների ցանկությունն է, որի ընթացքում կարող են մի շարք կոպիտ խախտումներ տեղի ունենալ: «Նման համակողմանի անդրադարձով ԵԽ ԽՎ համազեկուցողը խնդիր է դնում ՀՀ քաղաքական դաշտի առջև, նախանշում, թե ինչպես պետք է գործեն քաղաքական ուժերը», – ասել է վերլուծաբանը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Տարասովը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն: «Դրանից առաջ լուրջ աշխատանք պետք է ծավալել, համերաշխության մթնոլորտ ձևավորել և խուսափել անկայունությունից: Ոչ միայն ԵԽ ԽՎ-ն է այդպես կարծում, ցանկացած դիտորդ կասի, որ հապճեպությունը լավ չէ, և ժամանակ է հարկավոր, որ նոր իրավիճակում համապետական ընտրությունները կազմակերպվեն բարձր մակարդակով», – ասել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: