Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 1374-ի, եւս 113 մարդ անհայտ կորած Է համարվում: Ինչպես հայտնել Է Channel NewsAsia հեռուստաալիքը, այս տվյալները հոկտեմբերի 3-ին հրապարակել Է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության ղեկավար Վիլեմ Ռամպագիլեյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա նաեւ նշել Է, որ, ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղի ավելի քան 200 հազար բնակիչներ շտապ օգնության կարիք ունեն: Գործակալությունում ասել են, որ տարերային աղետից առավել տուժած Կենտրոնական Սուլավեսիի նահանգի չորս շրջանների բնակչությունը գերազանցում Է 1,4 միլիոնը: Ընդ որում փրկարարները մինչ այժմ չեն կարողացել հասնել առանձին վայրեր: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հոկտեմբերի 3-ին կրկին այցելել Է Պալու քաղաք, որտեղ անցած շաբաթ տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժ ու ցունամի:

Ինչպես ասված Է պետության ղեկավարի վարչակազմի տարածած հայտարարության մեջ, Վիդոդոն եղել Է փախստականների ճամբարում եւ վերահսկել վերականգնողական աշխատանքների ընթացքը: Նա նաեւ ընդգծել Է «տարածքների ամբողջական հետազոտման եւ Սուլավեսիի նահանգի տուժած շրջաններում բոլոր զոհերի հայտնաբերման անհրաժեշտությունը»:

Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի Է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել Է մոտավորապես 170 հետցնցում: Ստորգետնյա ուժգին ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել Է երեք-հինգ մետրի: Տուժել են հարյուրավոր բնակիչներ: Բացի այդ, իրենց տները հարկադրված լքել են առնվազն 60 հազար տեղի բնակիչներ, ավերված են հազարավոր տներ, հյուրանոցներ, առեւտրական կենտրոններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: