Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է օր առաջ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջը:

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի գլխավորած կուսակցության հայտարարությունում նաեւ ասվում է.

«Կուսակցությունն այս հարցում իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ գործադիր իշխանությանը: Կուսակցությունը կոչ է անում հայաստանյան խորհրդարանական կուսակցություններին գործել խոհեմաբար եւ դեմ չգնալ հանրային պահանջին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, 67 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք»-ի պատգամավորների, թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ երեք ուժերին անվանել է հակահեղափոխականներ, եւ ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական բոլոր 6 նախարարներին աշխատանքից ազատելու առաջարկություն ներկայացրել ՀՀ նախագահին: Վերջինս հրամանագրերը արդեն ստորագրել է: Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել այն: Վարչապետը ԱԺ քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների հարցով բանակցությունները կշարունակի հոկտեմբերի 3-ին։