Դեռևս մայիսին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ ինքն ու իր կուսակցությունը մշտապես պատրաստ են ընտրություններին. «Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել ընտրությունների, առավել ևս հիմա։ Ուզում է՝ դրանք վաղը լինեն, մենք  խնդիր չունենք: Ժողովրդի ձայնն այսօր կարևոր է, միասնականությունը այօր հաղթում է, թե ում հետ հույսեր կկապի, ում կվստահի, նրան էլ թող ձայն տա»։
Եվ ահա այժմ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ ներկայացուցիչները կտրականապես շեղվել են այս գծից և հայտարարում են, որ արտահերթ ընտրությունների կարիք չկա։ Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԲՀԿ-ից մի պահ նեղացած, Նաիրա Զոհարբյանի դեմ հրապարակավ արտահայտված, սակայն Գագիկ Ծառուկյանի ներողամտությանն արժանացած Գևորգ Պետրոսյանը։ Վերջինս տարբեր լրատվամիջոցների եթերում ու ԱԺ ամբիոնից ամեն առիթով բողոքում է արտահերթ ընտրություններից։ Ավելի մեղմ հայտարարություններ են անում ԲՀԿ-ի մյուս պատգամավորները՝ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը և այլն։ Բայց բոլորն էլ միաբերան պնդում են, որ երկրում իրավիճակը նպաստավոր չէ արտահերթ ընտրությունների համար։
Հիմա՝ այդ ի՞նչն է փոխվել, որ ԲՀԿ պատգամավորները շեղվել են Գագիկ Ծառուկյանի հայտարարության գծից։ Եվ պատասխանը պարզ է՝ Երևանի ավագանու ընտրություններում պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն 7 տոկոսից ավելի չի կարողանում հավաքել, և բնական է, որ այս իրավիճակում կուսակցությունը չի ցանկանում արտահերթ ընտրությունների գնալ ու կորցնել 31 տեղերը ԱԺ-ում։ Սակայն տարօրինակ է, որ խոսքի ու գործի մասին մշտապես խոսող կուսակցությունը այսօր նման անհարմար դրության մեջ է դնում ինքն իրեն։

Խմբագրական