Ի հիշատակ Շառլ Ազնավուրի«Ավրորա» նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակկտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այդ մասին ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրեգորյանի, Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ:

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, և մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը եւ շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ:

Այս կրթաթոշակները տրվում են ի երախտիք ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան և փառքի հասավ, ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Շառլ Ազնավուրը ներկայացնում էրհայ մարդու պատմությունը: «Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին:

Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրեւ դերասան եւ երգիչ, իբրև մարդասեր և բարերար: Նա երբեք չի մոռացվի՝առհավետ մնալով մեր սրտերում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին իսկ օրվանից Ազնավուրը նախաձեռնության կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը: