1in.am գրում է. «ՀՀԿ խմբակցությունը փորձում է վերացնել բոլոր օրենսդրական սողանցքները, որոնք կարող են նոր իշխանությանը թույլ տալ լուծարել գործող խորհրդարանը և կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Երեկ խորհրդարանի պահպանման գործում իր զգալի ավանդը ներդրեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում անցկացնելով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որը նախապես ընդգրկված էլ չէր հանձնաժողովի օրակարգում: Փոփոխությունը այնքան գաղտնի է պահվում, որ այն ներառված չէ անգամ ԱԺ կայքի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի արձանագրությունների բաժնում: Այսօր արդեն ԱԺ-ն կընդունի այդ փոփոխությունները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դնելով կատարված փաստի առաջ:

Արփինե Հովհաննիսյանի առաջարկը վերաբերում էր ԱԺ կանոնակարգ օրենքի 50 և 51-րդ հոդվածներին: ԱԺ փոխնախագահը առաջարկում է այդ հոդվածներում կատարել փոփոխություն, ըստ որի՝ ԱԺ նիստերը կհամարվեն ընդհատված, եթե դրանք չեն կայանում պատգամավորների կամքից անկախ ի հայտ եկած խոչընդոտների պատճառով: Նիստերը կշարունակվեն խոչընդոտները վերանալուց հետո:

Որն է այս փոփոխության իմաստը: Նիկոլ Փաշինյանը մտադիր է լուծարել այս խորհրդարանը և կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս պահին խորհրդարանի լուծարման միակ օրինական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, որից հետո խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում ընտրել նոր վարչապետ, և այդ դեպքում խորհրդարանը օրենքի ուժով համարվում է լուծարված: Բայց վարչապետի հրաժարականի դեպքում մեծ է վտանգը, որ խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը կարող է դավադրաբար նոր վարչապետ ընտրել՝ կազմակերպելով նոր հեղաշրջում: Որպեսզի խորհրդարանը չկարողանա նոր վարչապետ ընտրել, հնարավոր տարբերակներից մեկն էլ այն էր, որ խորհրդարանի շենքը շրջափակվում է ցուցարարների կողմից և թույլ չի տրվում երկու շաբաթ անընդմեջ անցկացնել նիստեր: Եթե խորհրդարանը չի կարողանում նիստ գումարել, բնականաբար նրան չէր հաջողվի ընտրել վարչապետ, և այն օրենքի ուժով կհամարվեր լուծարված:

Եվ ահա ՀՀԿ-ական խմբակցությունը Արփինե Հովհաննիսյանի միջոցով իրականացնում է ԱԺ կանոնակարգի փոփոխության այս հույժ գաղտնի օպերացիան, որի նպատակը այդ հնարավորության բացառումն է: Եթե ներկայացված փոփոխությունը ընդունվի, իսկ այն անպայման կընդունվի, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի բացահայտ և քողարկված մեծամասնություն, ապա խորհրդարանի շրջափակումը կկորցնի իր իմաստը, որովհետև եթե ցուցարարները երկու շաբաթ կամ դրանից ավելի շրջափակեն խորհրդարանի շենքը, խորհրդարանի նիստերը կհամարվեն ընդհատված, քանի որ դրանք չեն կայանում պատգամավորների կամքից անկախ: Երկրում կառաջանա սահմանադրական և քաղաքական ճգնաժամ, քանի որ հնարավոր չի լինի ո՛չ նոր վարչապետ ընտրել, ո՛չ խորհրդարանը լուծարել, բայց դա ՀՀԿ-ականներին առանձնապես չի հետաքրքրում, նրանք շահագրգռված են նման ճգնաժամի գեներացման մեջ:

ՀՀԿ-ի կողմից կազմակերպվող նման դավադրություններն ու գաղտնի օպերացիաները ևս մեկ անգամ հուշում են, որ նոր իշխանությունները պետք է օր առաջ լուծարեն այս խորհրդարանը՝ դրանով ոչնչացնելով հակահեղափոխության այս որջը»։