Ամեն օր Վենեսուելան լքում Է մոտավորապես 5 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին Ժնեւում հայտարարել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, որն օգնության կոչ Է ուղղել Վենեսուելայի քաղաքացիներին իրենց մոտ ընդունող պետություններին:

Ելույթ ունենալով իր գլխավորած գերատեսչության գործկոմի 69-րդ նստաշրջանում՝ Գրանդին նշել Է, որ այժմ Վենեսուելայի սահմաններից դուրս գտնվում են նրա 2,6 միլիոնից ավելի քաղաքացիներ: «Օրական 5 հազար մարդ լքում Է Վենեսուելան, եւ դա Լատինական Ամերիկայում բնակչության ամենամեծ շարժն Է արդի պատմության մեջ»,-արձանագրել Է նա:

Վերջին տարիներին Վենեսուելան սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամ Է ապրում, որն ուղեկցվում Է հիպերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի դեֆիցիտով: Ծանր իրադրությունը բազմաթիվ վենեսուելացիների հարկադրում Է լքել հայրենիքը: Նրանք մեկնում են հիմնականում Կոլումբիա, Էկվադոր, Պերու եւ Բրազիլիա: Մինչդեռ Վենեսուելայի իշխանությունները ժխտում են հումանիտար ճգնաժամի առկայությունը երկրում: Հանրապետության փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի կարծիքով՝ խոսքը «բնականոն միգրացիոն հոսքերի» մասին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: