Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին եւ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի և Գորչակովի հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովին:
Ողջունելով նրանց, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ գիտաժողովը դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման վրա:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չպետք է սահմանափակվել ձեռք բերածով. անհրաժեշտ է հայ-ռուսական բարեկամության լավագույն ավանդույթները պահպանելով՝ ձգտել առավելագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա մեծ ներուժը, նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու նոր ուղիներ եւ հնարավորություններ:
Հանրապետության նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: