Ինդոնեզիայի արեւելքում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 23:59-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Սումբա կղզու շրջանում, օջախը՝ 30 կմ խորությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի առավոտյան Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափին Պալու քաղաքից ոչ հեռու տեղի էր ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Ավելի ուշ նույն վայրում գրանցվել էր եւս մեկ երկրաշարժ՝ 7,4 մագնիտուդ հզորությամբ եւ հետցնցումների շարք: Պալու էր հասել մինչեւ 2 մետր բարձրությամբ ցունամին: Վերջին տեղեկություններով՝ Սուլավեսիում երկրաշարժին զոհ էր գնացել ավելի քան 1,2 հազար մարդ:

Ինդոնեզիան համարվում է, այսպես կոչված, Խաղաղօվկիանոսյան հրե օղակի (տեկտոնական հզոր բեկման) մասը: Երկրագնդի այս շրջանում են գտնվում ամենաակտիվ տեկտոնական սալերը, որոնցից մեկը տեղաշարժվում է տարեկան 7 սմ արագությամբ: Սեյսմոլոգներն այստեղ ամեն տարի գրանցում են 4,0 մագնիտուդից բարձր 6-7 հազար երկրաշարժ: