Բաթումում շարունակվող շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն էր մրցաշարում ամենաբարձր միջին գործակից ունեցող, եռակի Օլիմպիական չեմպիոն Ռուսաստանի հավաքականը: Մրցախաղում մեր կանայք գործեցին շատ վստահ. Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասան համապատասխանաբար Ալեքսանդրա Գորյաչկինայի և Նատալյա Պոգոնինայի նկատմամբ, իսկ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղացին Ալեքսանդրա Կոստենյուկի և Վալենտինա Գունինայի հետ: Արդյունքում մրցախաղում մեր թիմը հաղթեց 3-1 հաշվով: Մրցաշարի միանձնյա առաջատար ԱՄՆ-ի հավաքականը կորցրեց առաջին միավորը՝ ոչ ոքի խաղալով Հնդկաստանի թիմի հետ:

ՀՀ շախմատի ֆեդերցիայի լրատվական ծառայության տեղեկացմամբ, տղամարդկանց թիմը 5-րդ տուրի անհաջողությունից հետո 3.5-0.5 հաշվով հաղթանակ տոնեց Մակեդոնիայի նկատմամբ: Լևոն Արոնյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին: