Armtimes.com գրում է. «DISQO-ն ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերություն է, որը, ստանալով 13.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում,  նոր մասնաճյուղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ազգությամբ հայ հիմնադիրները զարգացման նոր փուլում տեխնիկական թիմը համալրում են հայաստանյան ավագ մասնագետներով՝ գնահատելով տեղի կադրերի նորարարական պոտենցիալն ու տաղանդը: Ներկայիս թափուր աշխատատեղերը ներկայացված են պաշտոնական կայքում՝ https://www.disqo.com/careers/: Առաջին փուլով DISQO-ն կհամալրվի 30 ավագ մասնագետով:

Ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քուչարյանը, ով ունի 20 տարվա փորձ որպես տեխնիկական տնօրեն, ձեռնարկատեր, խորհրդատու եւ ներդրող, շուտով կժամանի Հայաստան՝ անձամբ ծանոթանալու ՏՏ համայնքի եւ թիմի նոր անդամների հետ: Ավելին, պրն. Քուչարյանն այստեղ կանցկացնի խորացված դասեր,  հանդիպումներ եւ փորձի փոխանակում, որոնցից ամենախոշորը տեղի կունենա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ հոկտեմների 18-ին՝ ժ. 19:00-ին:

Հատկանշական է, որ DISQO-ն Հայաստանում ստեղծում է հիմնական մասնաճյուղ՝ արտապատվերային (outsource) թիմի փոխարեն: Սա նշանակում է, որ ընկերությունը կրկնապատկում է իր պոտենցիալն ու ուժերը նոր մեծամասշտաբ հետազոտական նախագծերի համար: Հայաստանյան թիմը կշարունակի աշխատել ներկայիս հաճախորդների, ընկերությունների ու կազմակերպությունների հետ, որոնք աշխարհում խոշորագույնն են եւ ընդգրկված են Fortune 500-ի ցանկում:

«Հայկական ՏՏ համայնքն ունի որակյալ մասնագիտական ներուժ: Ուրախ ենք մեր ընկերության զարգացման վաղ շրջանում թիմը այստեղի տաղանդավոր մասնագետներով համալրելու կապակցությամբ: Վստահ ենք, որ նրանց օգնությամբ կարող ենք ստեղծել նոր գործիքներ ու պրոդուկտներ՝ միասին ընդլայնելով ընկերության մասշտաբները»,- նշում է DISQO-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:

Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը հավելում է. «Ոգեւորիչ է այն փաստը, որ սա DISQO-ի՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող առաջին հիմնական գրասենյակն է, որը հիմնվել է առաջին խոշոր ֆինանսական ներդրման արդյունքում։ Սրանք դեռ ընկերության առաջին քայլերն են, բայց հեռանկարներ կան ավելի ընդարձակվելու, քանի որ արդեն կրկնակի թափով ենք աշխատելու երկու հավասարապես հզոր թիմերով»:

Ընկերության հայաստանյան գրասենյակը  պաշտոնապես կգործի հոկտեմբեր ամսից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այսպիսով,  DISQO-ի  գործունեությունը նոր հեռանկարներ է խոստանում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման եւ միջազգային շուկայի հետ երկրի տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:

Ընկերության մասին

DISQO-ն (www.disqo.com) հիմնադրվել է Լոս-Անջելեսում 2015 թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քուչարյանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսյանի (մարքեթինգի տնօրեն): Այն սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերություններին: Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումը եւ բրենդի առաջխաղացումը: Ընկերությունն առաջատարն է ոլորտում եւ ստեղծել է սպառողների հետազոտության միասնական հարթակ, որ ներգրավում է մարդկանց՝ որպես սպառող տվյալների փոխանակման համար: Այստեղ իրականացվում են տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ:

Ալֆա Էդիսոնի (Alpha Edison) եւ Բոնֆայր Վենչրսի (Bonfire Ventures) կողմից ստացած 13.5 մլն ԱՄՆ դոլար չափով Ա սերիայի ներդրման շնորհիվ DISQO-ն հնարավորություն է ստանում առաջարկվող ծառայությունների ցանկը համալրելու նոր հավելվածներով ու մեխանիզմներով, որոնք հետազոտում են սպառողի վարքագիծն ու կարծիքը: Ընկերությունն արդեն կկիրառի նաեւ արհեստական բանականաությամբ (AI) լուծումներ, ինչպես նաեւ կստեղծի նոր գործիքներ սպառողների իրական եւ ամբողջական պատկեր ձեւավորելու համար»։