Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: «Երեւանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորում էր Արարատ Զուրաբյանը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ պատասխանելով հարցին` կատարվե՞լ է ուսումնասիրություն եւ այս պահի դրությամբ ինչպե՞ս է գնահատում իրենց հնարավորությունները` պարոն Զուրաբյանը պատասխանել է, որ ուսումնասիրություն պետք չէ, չնայած կատարվում է, եւ ինքը շատ նպաստավոր վիճակում է: «Ես ասում եմ հետեւյալը՝ ես մասնակցում եմ այս ընտրություններին միայն ու միայն մեկ նպատակով՝ հաղթելու, ընդ որում` հաղթելու հենց առաջին փուլում»,- մասնավորապես ասել էր նա: Ինչպես հայտնի է, Երեւանցիների բացարձակ մեծամասնությունը` 81.05 տոկոսը, իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին: Իսկ «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքը հավաքեց ընդամենը 0.82 տոկոս` 2 հազար 985 ձայն:

«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին խոսեց «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, մի քանի անգամ նշել եք, որ Ձեր դաշինքը մեծ շանսեր ունի եւ հավանականությունը շատ մեծ է, որ կհաղթի, բայց հավաքեցիք քիչ թվով ձայներ: Ո՞րն էր պատճառը:

-Կարծում եմ `որեւէ մեկը նման բանի չէր սպասում: Ինձ համար եւս անսպասելի էր նման արդյունքը: Չնայած նաեւ հասկանելի է, որ սա կապված էր հեղափոխության հետ եւ որոշակի հետհեղափոխական պրոցես է:

-Կարծիքներ կան այն մասին, որ «ԲՀԿ»-ն մշտապես շատ քվե է ստացել , որովհետեւ օգտագործել է իր ֆինանսական միջոցները: Ի՞նչ կասեք այս մասին: -Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել:

-Վարչապետը անընդհատ խոսում է ԱԺ-ն արձակելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում, այսօրվա ԱԺ-ն արտացոլո՞ւմ է ժողովրդի կամքը:

-Նիկոլ Փաշինյանը դեռ հեղափոխության օրերին պարտավորվել է լուծել այդ հարցը: Այսօրվա ԱԺ-ն կապ չունի ժողովրդի կամքի հետ եւ, բնականաբար, չի արտացոլում դա: Ստեղծված իրողությունները ապացուցեցին դա:

Զրուցեց Լուսինե Մինասյանը