Tert.am գրում է. «2018 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, այդ մասին հայտնում է golos-ameriki.ru-ն:

Նշվում է, որ Թրամփն այս ցանկում է հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար:

Ընդհանուր առմամբ, այս մրցանակին է հավակնում ավելի քան 300 թեկնածու, սակայն, ինչպես վստահեցնում են աղբյուրները, Թրամփն ամենայն հավանականությամբ կընդգրկվի թեկնածուների կարճ ցանկում: Դրանում կարող են ընդգրկվել նաև Հս. Կորեայի առաջնորդը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին: Նա կստանա 1,4 մլն դոլար, որը կհանձնվի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ 2009 թվականին մրցանակը հանձնվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային»։