Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ Ամուլսարի շահագործման հարցը կհանգուցալուծվի միջազգային փորձագիտական եզրակացության արդյունքներով պայմանավորված: Վարչապետ Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, ամրագրում է, որ փորձագիտական եզրակացության հրապարակումից հետո առկա անորոշ վիճակը վերջնական հանգուցալուծում է ստանալու և շահագրգիռ կողմերը պետք է պատրաստ լինեն ընդունել արդյունքները: Այլ կերպ ասած՝ «նեղացողներ չպետք է լինեն»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Փարիզում հանդիպում է ունեցել «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ և հայտնել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը. «Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը»:

Միջազգային փորձագիտական եզրակացությունը կարող է ունենալ երեք սցենար: Շահագործման դրական եզրակացության պարագայում ինչպես նշել է վարչապետը՝ «հնարավորություն կստեղծվի, որ հանքը շահագործվի»: Այս հայտարարության ենթատեքստում հասկացվում է հանք տանող ճանապարհներն ազատելը և կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը: Եվ եթե բնապահպան – ակտիվիստները հաշվի չնստեն նաև միջազգային դրական եզրակացության հետ, ապա այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմինների օգնությանը՝ «Լիդիան Արմենիայի» աշխատանքին խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար:

Երկրորդ սցենարը փորձագիտական բացասական եզրակացությունն է: Այս դեպքում Հայաստանին ու մասնավորապես՝ իշխանություններին սպասվում են բարդ և դժվարություններով լի զարգացումներ: Վարչապետի դիրքորոշման համաձայն՝ այս դեպքում հանքի շահագործումը կարգելվի, «Ամուլսարի» ծրագիրը կկասեցվի, մեծ հավանականությամբ՝ «Լիդիան» ընկերությունը դատական գործընթաց կսկսի Հայաստանի դեմ՝ պահանջելով մեծ ծավալի փոխհատուցումներ, զգալի հարված կհասցվի Հայաստանի միջազգային գործարար համբավին՝ որպես ոչ վստահելի գործընկեր, զգալիորեն կկրճատվեն օտարերկրյա ներդրումները (ինչպես և ակնարկել էր ԱՄՆ դեսպանը), շոշափելիորեն կնվազի տնտեսական աճի մակարդակը և այլն: Մյուս կողմից, եթե ընդունենք, որ միջազգային փորձագիտական եզրակացությունն անաչառ և օբյեկտիվ է, ապա հանքի շահագործման դադարեցմամբ կկանխվի Ջերմուկի և Սևանի ջրային պաշարների աղտոտումը:

Երրորդ՝ ամենահավանական սցենարը կարող է լինել այն, որ միջազգային մոնիթորինգը հանքի շահագործման գործընթացում կարձանագրի որոշ ռիսկեր և շահագործման դրական եզրակացություն կտա միայն այդ ռիսկերի վերացման պարագայում: Այս դեպքում «Լիդիան Արմենիան», ամենայն հավանականությամբ, կհամաձայնի հավելյալ որոշ ծախսեր անել ռիսկերը վերացնելու ուղղությամբ, և վերջնական հաշվով հանքը կշահագործվի: Այս սցենարի դեպքում, երբ պոտենցիալ ռիսկերը վերացվեն, հնարավոր է՝ բնապահպանները կամովին բացեն հանք տանող ճանապարհները և իրավապահների միջամտություն բացարձակապես չզգացվի:

Հետաքրքական է, որ ավելի վաղ բնապահպանության նախարարության կազմում ստեղծված տեսչական մարմնի եզրակացության մեջ Սևանա լճի և ջրային ավազանի ռիսկերի վերաբերյալ բացակայում էին հստակ գնահատականները, որի հիման վրա հնարավոր կլիներ հանքի դադարեցման որոշում կայացնել։ Միևնույն ժամանակ եզրակացությունում տեղ էին գտել որոշ բույսերի և թիթեռների մասին հիշատակումներ, որոնք համարվեցին «նոր էկոլոգիական գործոններ»: Փաստացի տեսչական այս մարմնի աշխատանքն արդյունք չտվեց և կարիք առաջացավ դիմել միջազգային փորձագիտական եզարակացությանը:

Չթերագնահատելով տնտեսության մնացյալ ճյուղերի դերն ու կարևորությունը, պետք է ընդգծել, որ հանքարդյունաբերության նշանակությունը Հայաստանի համար դեռևս զգալի է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հանքարդյունաբերությանը բաժին է ընկնում ՀՆԱ-ի շուրջ 3%-ը։ Ավելին՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքերի միայն 74%-ը բաժին է ընկել հանքարդյունաբերությանը և բաց հանքերի շահագործմանը։

Ներկայումս բնապահպան-ակտիվիստները շարունակում են փակ պահել հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքում իրականացվող աշխատանքները: Չնայած այդ հանգամանքին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է համայնքներում իրականացնել տարեսկզբին սկսած սոցիալական ծրագրերը։ Ամուլսարի երկարաժամկետ ֆինանսական ծրագրի համաձայն՝ ծրագրի գործունեության ընթացքում յուրաքանչյուր տարի համայնքներում կատարվելու են սոցիալական ներդրումներ, որոնք տարեկան կազմելու են մոտ 400 000-700 000 ԱՄՆ դոլար։

Տրամաբական է, որ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը գտնվում է օտարեկրյա ներդրողների ուշադրության կենտրոնում։ Վերջինիս մասին են վկայում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան ներդրողները հետևում են ՀՀ կառավարության կողմից հարկատուների նկատմամբ տարվող քաղաքականությանը և վիճելի հարցերի լուծման արդարացիությանը, մասնավորապես՝ «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ կառավարության վերջնական որոշումը: Ամուլսարի խնդրի հանգուցալուծման վերաբերյալ որոշումը ուղղակիորեն կապված է Հայաստանի ներդրումային գրավչության հետ «Լիդիան»-ի միջազգային ընկերության կարգավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հանքի հետ կապված ցանկացած որոշում քննարկվելու է միջազգային հարթակներում: Ամուլսարի վերաբերյալ որոշումը ներդրողների համար կարող է դառնալ նախադեպ, որը նրանց թույլ կտա ավելի ռեալ գնահատել իրենց ռիսկերը, ինչը համապատասխան (դրական կամ բացասական) ազդեցություն կունենա ՀՀ միջազգային հեղինակության վրա: Պետք է փաստել, որ արդեն իսկ որոշման ձգձումը բացասաբար է ազդել ուղղակի ներդրումների գծով ստացումների վրա։

Մի կողմից կառավարության քայլերն ուղղված ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի վերաբերյալ որոշման ձգձգումը, ստեղծում է պարադոքսալ վիճակ, և ստիպում կառավարությանն այլընտրանքներ փնտրել։ Տնտեսական օգուտների վրա հիմնված փաստերը Ամուլսարի շահագործման օգտին են, սակայն, հաշվի առնելով բնապահպանների՝ թթվային դրենաժի, Ջերմուկ առողջարանային գոտու և այլնի հետ կապված մտահոգությունները, անհրաժեշտություն է առաջանում իրականացնել միջազգային փորձաքննություն, որի կլինի անաչառ և որի եզրակացության հետ հաշվի կնստեն բոլոր շահագրգիռ կողմերը:

Տաթևիկ Առուստամյան