News.am գրում է. «Սեպտեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք եւ Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը:

Կոմիտեի բյուրոյի անդամները քննարկել են հայտի բովանդակությունը եւ մասնագիտական հարցեր ուղղել ՀՀ պատվիրակության անդամներին, որից հետո միաձայն դրական որոշում են կայացրել հայտի ընդունումը ներառել դեկտեմբերին կայանալիք 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի օրակարգում:

Նշենք, որ «Գեղարդի վանք եւ Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000-ից թվականից նեռարված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հանդիսանալով  մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:

«Ուժեղացված պաշտպանությունը»ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ  հուշարձանների լիարժեք եւ արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաեւ այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաեւ սահմանում է  քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում»։