Իրանը կշարունակի ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ արտատարածքային օրենքներին հակազդելու աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին Twitter-ի իր Էջում գրել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք կշարունակենք ամերիկյան անօրինական պատժամիջոցներին հակազդելու աշխատանքը, ինչպես նաեւ ձգտելու ենք ընդմիշտ վերջ դնել ԱՄՆ-ի ապակայունացնող արտատարածքային օրենքներին»,- նշել Է Զարիֆը՝ նկատի ունենալով այն, որ Վաշինգտոնը հարկադրում Է մյուս երկրներին կատարել իր կողմից ընդունվող օրենքներն ու որոշումները: Քաղաքական գործիչն ասել Է, որ «Իրանը համագործակցելու Է գործընկեր պետությունների հետ, որպեսզի ստեղծի նոր շրջակա միջավայր, որտեղ իրենց հարգող պետությունները կկարողանան պաշտպանել իրենց շահերը»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել Է, որ Իրանը Միացյալ Նահանգների համար, հնարավոր Է, նշանակալիությամբ երկրորդ մարտահրավերն Է Չինաստանից հետո:

Թրամփը նաեւ հերթական անգամ քննադատել Է Թեհրանի հետ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: ԱՄՆ-ի նախագահը գտնում Է, որ Թեհրանը վաղ թե ուշ կվերադառնա իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, որ Իրանը կվերադառնա ինձ մոտ եւ լավ գործարք կկնքի»,-նշել Է նա, հնարավոր համարելով, որ դա կարող Է եւ տեղի չունենալ: ԱՄՆ-ի ղեկավարը նաեւ հերթական անգամ պնդել Է, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի տնտեսությունը հսկայական դժվարություններ Է կրում, քաղաքների փողոցներում տեղի են ունենում բնակչության բողոքի ակցիաներ, իսկ տարբեր ընկերություններ համատարած իրենց բիզնեսը դուրս են բերում Իսլամական Հանրապետությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: