Եվրախորհրդարանը չեղարկել է Եվրամիությանն անդամակցումը նախապատրաստելու նպատակով Թուրքիայի համար նախատեսված 70 մլն եվրոյի օգնությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ»-ը:

Օգնության ծրագիրը չեղարկվել է Թուրքիայի՝ օրենքի գերակայությունը բարելավելու պայմաններին չհամապատասխանելու պատճառով:

Եվրախորհրդարանի բյուջեի հարցերով հանձնաժողովը տեղեկացրել է, որ պատրաստվում է այդ գումարը ծախսել միգրացիոն ծրագրերի վրա:

Օգնության շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2017թ. նոյեմբերին: Օգնության պայմանն այն էր, որ Թուրքիան բավարար բարելավումներ իրականացներ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության և ժողովրդավարության ոլորտներում:

Ներկայումս Թուրքիան ավելի է հեռացել ժողովրդավարությունից և Եվրամիությունից: Թուրքիայում ամենուրեք անտեսվում են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: