«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է հարցաքննվի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի պատասխան` ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը պատասխանեց. «Դատական օրենսգրքի 52, 53 հոդվածների համաձայն` դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկվել է»: Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանի անունը եւս շոշափվում էր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբեւէ չի զանգել ԱԱԾ պետին ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ: Նույնը, մեր տեղեկություններով, նա ասել է նաեւ մերձավոր շրջապատում, եւ հավանաբար, նրա ցուցմունքները կլինեն հենց այս բովանդակության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: