Lragir.am գրում է.

Խորքը տեսնելու կարևորությունը

Ազգագրագետներիցս շատերը, այդ թվում` իմ բազմաթիվ գործընկերներ, հեղափոխությունից հետո լռության յուրօրինակ ուխտ ենք հայտարարել՝ առավել քան վստահ լինելով, որ գոնե այս փուլում հեղափոխությունը գաղափարներ լսելու ու դրանք վերլուծելու ոչ ցանկություն ունի, ոչ ժամանակ: Թվում էր, որ նույն առնվազն նույն մոտեցումը պետք է որդեգրեր փորձագետների, վերլուծաբանների, մեկնաբանների այն մասը, ում վերլուծություններն կանխատեսումները, որպես կանոն, չեն իրականացել, այն կողմ չանցնելով գալուստսահակյանական «երեխաները պետք է մեծանան» մտավարժանքներից…

Իրականում, հայաստանյան փորձագիտական դաշտի մի հիմնական մասը լուրջ մտահոգություններ ու մտավախություններ ունի ընտրությունների արդյունքների հետ կապված… մասնակցություն, բարձր տոկոս և այլն…

Երևանյան ընտրություններն ավարտվեցին այնպես, ինչպես պետք է ավարտվեին, որովհետև հեղափոխություններն այս փուլում այլ ավարտ ունենալ չեն կարող: Պետք է ընդամենն արձանագրել, որ հեղափոխությունը իրապես հեղափոխություն է, քանի որ կարողացավ առաջին քայլով կապիտալիզացնել ու ինստիտուցիոնալիզացնել հանրային վստահության այն պաշարը, որ ստացել էր փողոցային պայքարի արդյունքում: Այս իրողությունը ընդամենը պետք է արձանագրել ու անցնել առաջ:

ՀՀԿ-կան երիտ ակտիվը քմծիծաղում է մասնակցության տոկոսների շուրջ: Հիշեցնենք ընդամենը, որ տեր-պետրոսյանա-քոչարյանա-սարգսյանական եռյակի քաղաքականության «տեսանելի ու շոշափելի» արդյունքներից մեկը եղել է զանգվածային արտագաղթը: Եվ պ. Շարմազանովը և պ. Աշոտյանը հաստատ տեսել են երեկոյան Երևանի հազարավոր մութ պատուհանները: Այդ տներում արդեն տարիներ շարունակ մարդիկ չեն բնակվում, պարոնայք…

Ուստի մասնակցության այս ցուցանիշը պետք է համարել լուրջ ձեռքբերում: Այն ապացուցում է, որ չնայած ապաքաղաքականացմանը, ընտրակաշառքին, թաղային ու քաղաքային մակարդակի կրիմինալի ու խուժանի միջամտությանը, տոկոս խփելուն ու միակ տղամարդու` վոյինի գոյությանը, Երևանում դեռ «պահպանվել» է շուրջ 50 տոկոս քաղաքացի… Սա էլ պետք է համարել հեղափոխության հաջողությունը, այլ ոչ ձախողումը:

Եվ ՀՀԿ երիտ-ակտիվը և վելուծաբանների մի հիմնական մասը վտանգավոր է համարում ավելի քան 80 տոկոս ցուցանիշը: Հաճելի կլիներ լսել տրամաբանված բացատրություններ առ այն, թե ինչու է սա վտանգավոր, սակայն դրանք չկան, որովհետև չեն կարող լինել: Այլապես պետք է բացատրել նաև, թե ինչու ընտրությունների երկրորդ փուլ չեղավ առնվազն 2008-ին, կամ ինչու 1998-ին նախագահ չդարձավ Կարեն Դեմիրճյանը:

Որպես պատմաբան, ուզում ենք հիշեցնել, որ հեղափոխությունները, որպես կանոն, վերցնում են կամ ուզում են վերցնել ամեն ինչ ու միանգամից: Այնպես որ այս հարթությունում ևս մտահոգվելու բան չունենք… Եղավ այն, ինչ պետք է լիներ… գոնե ըստ հեղափոխությունների տրամաբանության… Հիշեցնենք նաև, որ արդի տեսությունները հեղափոխությունները չեն ընկալում ու վերլուծում այնպես, ինչպես մարքսիզմ-լենինիզմը:

Առավել քան տարօրինակ կլիներ, եթե ընդամենն ամիսներ առաջ կլանային, մինչև ականջները կոռուպցիայի մեջ թաղված համակարգը, երկրում ստեղծված գաղջ մթնոլորտը հաղթահարած քաղաքական ուժը չկարողանար մեծամասնություն ստանալ: Այս դեպքում իրապես մտահոգվելու կարիք ու անհրաժեշտություն պետք է լիներ:

Իսկ այժմ փոքր-ինչ ավելի լուրջ:

Ետհեղափոխական կամ հեղափոխական էյֆորիա Հայաստանում գոյություն չունի: Այն պարզապես չի կարող գոյություն ունենալ, որովհետև հայաստանյան հեղափոխությունը, ի միջի այլոց, այն դեռևս պետք է շատ մանրամասն վերլուծվի հենց ազգաբանական – մշակութաբանական համատեքստում, ունի շատ կարևոր յուրահատկություն. տեսանելի ավերածությունները շատ քիչ են, հեղափոխականները «արյան հոտ» չեն զգացել ու չեն գազազել այդ նույն արյան հոտից:

Խնդիրները, որ ձևակերպվել են, համակարգային խնդիրներ են. կոռուպցիա, թալան, ապօրինի հարստացում, արտաքին հարաբերությունների «մտածողության ու վարքի փոփոխություն»: Այս խնդիրների լուծումը պահանջում է ժամանակ, առաջին հերթին ժամանակ: Համակարգը, բրգաձև համակարգը որ ձևավորվել էր Հայաստանում վերջին տարիներին, չարորակ ուռուցքի նման իր շոշափուկներն ունի ամենուր… Ձեռքդ ուր տանես, հանդիպում ես այդ շոշափուկներին. մանկապարտեզ, դպրոց, բուհ, հասարակական տրանսպորտ, տարածքային կառավարում ու տեղական ինքնակառավարում, մեքենաների տեխզննություն ու բանակ… Երբ շոշափուկներն այդքան շատ են, սկսում է գործել սոցիալական վախը… Շարքային անպաշտպան քաղաքացին վախենում է, որ ձեռքը շատ առաջ տանելու դեպքում ինքն ուղղակի կարող է վարակվել, թունավորվել…. Ու որոշ դեպքերում, նույնիսկ հեղափոխության հաղթանակից հետո, ստիպված ձեռքը ետ է քաշում… Չի վիճում վարորդի, բժշկի, դպրոցական դրամահավաքը կամավոր-պարտադիր մասնակցային բարեգործության վերափոխած տնօրենի ու բազմաթիվ այլ մարդկանց հետ:

Հեղափոխության գերխնդիրը շարքային քաղաքացու ձեռքը բռնելն ու այդ շոշափուկները զգալ պարտադրելն է, ինչը և արվեց Երևանի քաղաքապետի ընտրություններում:

«Սևի ու սպիտակի» չարչրկված բանաձևը նույնպես մշակութաբանական այս հարթությունում է. ոչ ավելի բարձր, ոչ ավելի ցածր: Իրականում, այո գույները շատ են, սակայն հայաստանյան համակարգը քաղաքացուն թողել էր միայն սևն ու սպիտակը, ավելի ճիշտ ընդամենը մեկ անհասկանալի գույն. այն համակարգի համար սպիտակ էր, շարքային քաղաքացու համար սև: Ամենամեծ խնդիրը, սակայն, այն էր, ու իշխանությունը այդ սպիտակւ տեսնում էր մգեցված ապակիներով մեքենաներից, իսկ շարքային քաղաքացին` ամեն օր, ամեն ժամ, նույնիսկ ցերեկային լուսավորության պայմաններում: Սա այն սևն է, որը հաղթահարեց 80 տոկոսը: Այս 80 տոկոսը սև ծիծակ կոշիկներով տղերքի, սև բաճկոններով տղամարդկանց, սև ծառայողական մեքենաների ու ջիպերի, սև ակնոցների…. Ընդհանրապես սևի հանդեպ վախն ու զզվանքն է… հաղթահարված զզվանքն ու վախը… Սա է իրական սևը: Այն ունի հեղինակ/ներ, ում նույնպես պետք է հաղթահարել…

Մշակութաբանական հարթությունում, որտեղ կա «հեղինակային սևը», անհասկանալի է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակահարմարության մասին ցանկացած քննարկում:

Խորքին ուղղված նույնիսկ հպանցիկ հայացքը ցույց է տալիս, որ Հայաստանում սկիզբ է առել չափազանց կարևոր մի գործընթաց. այն պատմության, մշակույթի, հասարակության փիլիսոփայության հարթություններում սևի հաղթահարման գործընթացն է… Այն շարքային հասկացությունների օգնությամբ դժվար է բացատրվում: …Հայաստանում սկիզբ է դրվում մշակույթ համակարգի փոփոխության գործընթացին… Այն ավելին է, քան հեղափոխությունը, արտահերթ ընտրությունն ու վերջինիս 80 տոկոսը, վախերը, նպատակահարմարությունն ու ցանկացած այլ փաստարկ…

ՄԽԻԹԱՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԱԶԳԱԳՐԱԳԵՏ