Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, Եվրամիության կողմից դիտարկվում են որպես հզոր առաջընթաց: Եվ ԵՄ-ն նկատում է, որ Հայաստանի նոր կառավարության համար կարևոր են նոր առաջնահերթությունները, որոնք լծակ են առևտրի ոլորտում նոր հարաբերություններ ստեղծելու համար: Այս մասին այսօր Երևանում հրավիրված ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մասնավորապես, ես խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Կոռուպցիան ամենուր է խնդիր ներդրողների համար: Դրա հաղթահարումը Հայաստանին երաշխիք կտա, որ Եվրամիության գործընկերները ավելի շահագրգռված լինեն ու բիզնես հիմնեն Հայաստանում»,- ասաց Սվիտալսկին:

Երկրորդ կարևոր ուղղությունը, նրա խոսքով, դատաիրավական համակարգի անկախության ապահովումն է: «Դա հզոր գործիք է և ներդրողին ապահովության զգացողության հնարավորություն է տալիս: Մենք կարծում ենք՝ այն առաջնահերթությունները, որոնք դրել է Հայաստանի նոր կառավարությունը, ներկայում բավարարում են ատևտրի և ներդրումների ոլորտում զարգացման շահերին: Ներկայիս կառավարությունը հրաշալի գիտի ինչ անել, դա հնարավորություն կտա ունենալ ավելի լավ պոտենցիալ: Մենք կուզեինք այս երկրում ավելի շատ եվրոպական ներդրում տեսնել: Դա չի նշանակում, որ փողի հոսքն է ավելանալու դեպի Հայաստան: Ոչ, փողը երկրորդ հարցն է, նույնիսկ ավելի հետին պլանի: ԵՄ ներդրումը բերում է գիտելիքներ, տեխնոլոգիա, կառավարման մշակույթ, ավելի լավ կամուրջների ստեղծում համաշխարհային զարգացման հետ»,- հավելեց ԵՄ դեսպանը:

Սվիտալսկին ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ սա առաջին նիստն է այս ձևաչափով, ասաց, որ այն մեծ փոփոխութուններ է խորհրդանշելու, քանի որ Հայաստանում սկսվելու են նոր գործընթացներ: Եվ հաշվի առնելով այն, որ Եվրամիությունն այս նիստին մեծ պատվիրակությամբ է եկել Հայաստան, Սվիտալսկու խոսքով, փաստում է, որ մեծ կարևորություն է տրվում Հայաստանի հետ առևտրային կապերին: Եվրամիությունը, նրա խոսքով, հեռանկարում Հայաստանի համար ամենախոշոր շուկան է, երկրորդ ամենամեծ գործընկերն է ներմուծման տեսակետից, երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում:

Թեև երկկողմ առևտրային հարաբերությունները զարգանում են, բայց, ըստ դեսպանի, դրանք դեռևս զարգացման ներուժ ունեն: Նա նշեց, որ ԵՄ-ն քայլեր է անում՝ ընդլայնելու Հայաստանի համար GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմը: Հայաստան-ԵՄ համաձայնագրով, նրա խոսքով, կան առևտրի ազատականացման համար հատուկ դրույթներ: Բայց դրա համար Հայաստանը նախ պետք է բարելավի իր օրենսդրությունը, ավելի լավ հնարավորություններ ստեղծի ներդրողի համար, բարեփոխումներ արվեն պետական գնումների, սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում: Դրանք ԵՄ կողմից առաջարկվում են և, նրա խոսքով, կլինեն համաձայնագրի իրականացման առանցքում: