Newsbook.am գրում է. «Երկրապահ կամավորականներն՝ իր ստեղծման օրվանից, կանգնած է եղել օրվա իշխանությունների կողքին: Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից ստեղծված այս կառույցը ծառայել է, որպես մահակ նախկին բոլոր իշխանությունների ձեռքին: Թավշյա հեղափոխությունից հետո, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց: Նրան մեղադրեցին բանակից սննունդ և ռազմական տեխնիկա գողանալու մեջ: Գրիգորյանի ձերբակալությունից հետո, ԵԿՄ-ականները ամեն կերպ խուսափեցին Մանվել Գրիգորյանի հետ առնչվել և փորձում էին վարչության նոր նախագահ գտնել: Ամիսներ առաջ ԵԿՄ պաշտոնապես հայտարարեց, որ վարչության  փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:Արամ Սարգսյանը հուլիսի 5-ին հրավիրված նիստի ժամանակ նշել էր, որ. «Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ»: Ըստ էության վերջին ամիսների իրադարձությունները եւ ավագանու ընտրությունները եղան ապացույց, որ Արամ Սարգսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս չի կազմում, փորձում են այլ թեկնածու առաջադրել: Ինչպես  արդեն նկատել էինք՝ ԵԿՄ-ն օրվա իշխանությունների սպասարկուն է եղել և իրենց պատկերացումներով նրանք չեն կարող ունենալ ղեկավար, ով կապ չունի օրվա իշխանությունների հետ: Եվ ահա այսօր արդեն ԵԿՄ վերնախավի ընտրությունը կանգնել է Նիկոլ Փաշինյանի զինակից Սասուն Միքայելյանի վրա: Միքայելյանն էլ կարծես դեմ չէ, որ ինքը այս ուժը իր ենթակայության տակ վերցնի, քանի որ այդ կերպ իշխանության ներսում կմեծանա նրա կշիռը: ԵԿՄ-ի որոշ անդամներ օրերս նիստ են անցկացրել, որին մասնակցել է նաև Սասուն Միքայելյանը: Նիստի ժամանակ ներկա և նախկին ԵԿՄ-ականները հայտարարել են, որ Սասուն Միքայելյանը պետք է առաջադրվի, իսկ Միքայելյանը կարծես տվել է իր համաձայնությունը: Բայց նաև Արամ Սարգսյանը կարծես մարտական է տրամադրված: Ի դեպ վերջերս նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որևէ ԵԿՄ-ական դեմ չէ իր առաջադրմանը ու ինքը համաձայն է ղեկավարել այդ կառույցը»։