«Առաջիկա  համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որոնք կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը»,- լրագրողների հետ հանիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ  «Ժառանգությունը», նոր Հայաստանի նոր սերունդը, քաղաքական դաշտը նոր ձևաչափերի լուծումների կարիքը կունենա. «Կարծում եմ՝ շեշետը պետք է դրվի նորարար  բովանդակություների, ձևաչափերի վրա՝ չբացառելով նաև եղած ավանդական հին ու նոր կուսակցությունների մասնակցությունը»։

Ր. Հովհաննիսյանի խոսքով, եթե հասարակության վստահության քվեն վայելող ուժը վարչապետի գլխավորությամբ որոշի շարունակել պայքարը համաժողովրդական եղանակով՝ չնեղացնելով այդ պայքարը  կուսակցական հարթության մեջ, ուրեմն իրենք կդիտարկեն կոալիցիոն կամ կոնսոլիդացիոն մոտեցումների շարունակությունը, որը միշտ եղել է իրենց նախընտրությունը։

«Եթե իրական գործոններից, դիտարկումներից, որոշումներից ելնելով այնպես լինի, որ համաժողովրդական շարժումը ժամանակից շուտ կուսակցականան, կարելի է ակնկալել, որ մենք որպես բարեկամ, որպես ավագ, երկարամյա գործընկեր նոր Հայաստանի  պայքարի մեջ կդառնանք ընդդիմադիր այն մտայնությամբ, որ կուզենա նեղացնել ու սեփականաշնորհել նոր Հայաստանի արժեքները, համաժողովրդական մոտեցումը»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը։