ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Factor.am-ի հետ զրույցում, մինչդեռ, Արա Վարդանյանը վստահեցրեց, որ իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվել և տարածված լուրն ապատեղեկատվություն է կամ անփութության արդյունք։ Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հրապարակված տեղեկատվությանը՝ նշել էր․ «Իրականությանը չի համապատասխանում լրատվական միջոցներով տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 2 հոդվածներով (308-րդ և 178-րդ) ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը»: Ճշտելու համար, ի վեջո, մեղադրանք հարուցվե՞լ է, թե՝ ոչ, կապ հաստատեցինք Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի հետ, որը նշեց՝ տեղի է ունեցել թյուրիմացություն և իր կողմից հրապարակվել է սխալ տեղեկություն։ «Արա Վարդանյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, շփոթմունք է տեղի ունեցել և արդեն իսկ խոսել եմ փաստաբանի հետ»,- ասաց նա։