«2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունն իսկապես ուշագրավ էր։ Սակայն, հանրային ակնկալիքները շատ բարձր են, որ կլինեն շոշափելի բարելավումներ մարդկանց կյանքում, կառավարությունը պետք է իր ուշադրությունը հրավիրի երկար ժամանակ այն մարդկանց անտեսված իրավունքների վերականգնմանը, ովքեր ամենախոցելիներն են»,-այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով սեպտեմբերի 15-ից 20-ը Հայաստան կատարած այցը։

Հանձնակատարն ուշադրություն է հրավիրում կանանց իրավունքներին ու նրանց քաղաքական մասնակցությանը, նշելով, որ Հայաստանի հանրային կյանքում կանանց մասնակցությունը պետք է առավել արդյունավետորեն առաջ մղվի, հատկապես, որոշումների կայացման ամենաբարձր մակարդակներում ու տեղական մակարդակներում, որտեղ այն ցածր է։

Հանձնակատարը կարծում է, որ ժամանակավոր հատուկ միջոց կարող է լինել պարտադիր քվոտաների սահմանումը ու խորհուրդ է տալիս կոնկրետ ու հավակնոտ թիրախներ կանանց մասնակցության համար՝ ներառյալ տեղական ընտրությունները։ Կառավարությունը պետք է խրախուսի կանանց ու աղջիկներին ակտիվորեն ընդգրկվել քաղաքական կյանքում։

Անդրադառնալով 2008թ.-ի մարտյան դեպքերին՝ հանձնակատարը ողջունում է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը, վերջապես պատասխանատվություն սահմանել 10 զոհերի համար ու փակել երկրի պատմության այս ցավալի էջը։

Հանձնակատարը, սակայն, շեշտում է, որ «սա պետք է անել ուշադիր ու օրենքի գերակայության խստագույն պահպանմամբ, դատական անխակության, թափանցիկության ու արդար դատաքննության պայմաններում, որպեսզի փարատվի վրեժխնդրության քաղաքականության կամ ընտրովի արդարադատության ցանկացած մեղադրանք»։

«Քանի որ Հայաստանը շրջանցում է կարևոր անցումային այս շրջանը, ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին ու կարծիք ստեղծող լիդերներին՝ նպաստել միասնական հասարակության ձևավորմանը և յուրահատուկ ուշադրություն դարձնել՝ խուսափելու հանրային դիսկուրսում բևեռացնող, խեղաթյուրող, բորբոքող խոսքից»,- նշում է հանձնակատարը։

Դունյա Միյատովիչը հատուկ ուշադրության է արժանացրել նաև Հայաստանում ծերանոցների ու մանկատներ, հաշմանդամների  խնդիրներին, նրանց պայմաններին։ Ողջունել է Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքի ընդունումը։ Հանձնակատարը կոչ է արել իշխանություններին նաև ընդունել խտրականության դեմ պայքարի մասին օրենք, պայքարել ատելության խոսքի, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության հանցագործությունների  դեմ, ինչպես նաև ապահովել, որ նման բոլոր միջադեպերը պատշաճորեն դատապարտվեն, հետաքննվեն ու հետապնդվեն։

Դունյա Միյատովիչը առաջիկայում կհրապարակի նաև իր այցի վերաբերյալ զեկույցը։