Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր ֆեսյբուքյան էջում գրել է.

«Իմ քայլը» – Ավելի քան 80%
ԲՀԿ 7.21 %
Լույս 5.08 %
ՀՅԴ 1.62 %
Երկիր Ծիրանի կուսակցություն 1.42 %
ՕԵԿ 1.08 %
Մյուսները՝ 1%ից պակաս

Իմ կանխատեսումներով “Իմ Քայլը՛՛ դաշինքը պիտի ստանար 75-77%, ԲՀԿ-ն եւ Լույսը մոտավորապես հենց այն ձայներն են հավաքել, ինչ սպասում էի, Երկիր Ծիրանի կուսակցությունը և ՀՅԴ-ն կարող էին հավակնել մինչև 3%:

ԲՀԿ-ն իրականում 7.21 % քաղաքական քվեներ չունի, բայց մարդկանց մի շերտ լուրջ է վերաբերում ԲՀԿ բարեգործությանը և երախտապարտությունը շփոթում է քաղաքականության հետ: Շատ հավանական է, որ ԱԺ ընտրությունների դեպքում նույն տոկոսները պահի, հաշվի առնելով, որ մարզերում երախտապարտությունն ավելի հիմնարար զգացում է: Բայց նույնիսկ այդ տոկոսների համար չափազանց շատ պիտի աշխատի: Քաղաքականացվող Հայաստանում ԲՀԿ-ն և նրա իմիջը մարող ՛՛ճրագ՛՛ են: Այն կարող է բոցկլտալ, եթե ԲՀԿ-ի ԱԺ պատգամավորները ազնվորեն աշխատեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Կարծում եմ չեն անի, և կկորցնեն ունեցածը: Բայց եթե աշխատեն և այդ ընթացքում նաև ձևակերպեն իրենց քաղաքական ծրագիրը՝ կարող են նոր շունչ ստանալ: Սա՝ այն դեպքում, եթե ԲՀԿ-ն կարողանա թարմացնել իր հիմնական կազմը: Քաղաքական ծրագիրը տվյալ դեպքում չշփոթել քաղաքական նպատակի հետ, որը ԲՀԿ-ում ընկալվում է բացառապես որպես իշխանության նվաճում:

Լույսի դեմ աշխատել է Մարուքյանի ապրիլյան հախուռն ելույթը և Սարգսյանների համատեղ ռեստորանային մերձեցումը: Բոլոր դեպքերում այսօրվա 5.08 %-ը գլխավորապես Արտակ Զեյնալյանի իմիջի շնորհիվ է: Լույսը իր քաղաքական սեգմնետը չի գտնում, նա իրեն “կողոպտված” է զգում ՔՊ-ի կողմից, չի ուզում պատճենել իրեն հարազատ քաղաքական հռետորաբանությունը լավագույնս օգտագործող ՔՊ-ին, նյարդայնանում է և դրանից ավելի է “նիհարում”՝ կորցնում: Եթե Լույսը կարողանա իր մեջ ուժ գտնել և ՛՛լայն պրոֆիլի՛՛ փոխարեն որպես քաղաքական նպատակ ընտրի երկրի համար մեկ կարևոր հարցի լուծում՝ կշահի: Դիցուք՝ արդարադատությունը: Հիմնարար լուծումներ առաջարկի այս ոլորտի, կառավարման այս թևի համար:

Ափսոս է ՀՅԴ-ն, եթե Երևանում ընդամենը 1.62 % է ձգել, խորհրդարանական ընտրություններին 2% չի ձգի, եթե շարունակի տատանվել ՀՀԿ-Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ-ՔՊ քառանկյունում: Հազիվ թե ՔՊ-ն շարունակի ավանդույթը և ՀՅԴ-ին մի կերպ ձգի ԱԺ: Չի էլ խանգարի: Հիմա արդեն ՀՅԴ-ն պետք է ինքնուրույն կողմնորոշվի՝ ինչ և ինչպես է ուզում, և վերջապես տեր կանգնի իր արդար վաստակած, ոչ թե հորինված և նվիրված ձայներին, որոնց պատանդն է մնում հետագայում: ՔՊ-ն, կարծում եմ, պատանդներ չի ուզենալու: Բոլոր դեպքերում Դաշնակցության առաջիկա իմիջը նույնպես մեծապես կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ դիրքորոշումից և շատ հստակ, կոնկրետ գործողություններից: Թվում է՝ ՀՅԴ-ն կշահի, եթե կենտրոնանա միայն իր հիմնարար “ազգային հարցի” վրա: Ազգայնականների պակաս չունենք, և ԱԺ-ում առողջ ազգայնական սեգմենտը չէր խանգարի: Այս ուղղությամբ ՀՅԴ-ն կարող է մի փոքր վերակառուցվել, ծանոթանալ նաև ժամանակակից ազգայնականության տեսություններին, մի փոքր վերանայել իր քաղաքական բառապաշարը և, թող ներվի ասել՝ հասունանալ: Այս խումբը միշտ անելիք ունի, առավել ևս առաջիրկայում, երբ աշխարհում նվազում է գլոբալիզացիան և ուժեղանում է թե էթնիկական, թե քաղաքացիական “ազգային շահերի” քաղաքականությունը: Մի փոքր ՛՛հասունանալու՛՛ և գործադիր կառավարության պաշտոններից հրաժարվելու դեպքում ՀՅԴ-ն կարող է լավ քաղաքական ընդդիմադիրի դեր ստանձնել:

Երկիր Ծիրանիին խանգարում է ավելորդ հուզականությունը: Այն արդեն ադեկվատ չէ նոր իրողություններին: Երկիր Ծիրանին ՀՀԿ-ի պարտությամբ կորցրել է ոտքի տակի հողը, նրա հիմնական թիրախը բացակայում է, և Երկիր Ծիրանիի հուզականությունը հասցեատեր չունի:

ՕԵԿ-ը անսպասելի մեծ թվով քվեներ է ստացել, ՕԵԿ-ը առավելագույնը կարող էր հավակնել 0,7%-ի: 1.08 %-ը ՕԵԿ-ի համար հաղթանակ է: ՕԵԿի ինքնալուծարման ժամանակը վաղուց է եկել է, եթե չի ուզում անփառունակ հեռանալ»։