Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: Սաուդյան Արաբիայի թագավորը ՀՀ նախագահին առողջություն ու երջանկություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը՝ կայուն առաջընթաց և բարգավաճում:

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար Մոհհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը:

Հայաստանի Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պարագայում երկրների ղեկավարները միմյանց շնորհավորում են՝ ընդգծելով, որ դա նորմալ պրակտիկա է:

«Սաուդյան Արաբիան փաստորեն հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ»,- մեկնաբանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դանիելյանը նշեց՝ հարցը պետք է դիտարկել նաև աշխարհաքաղաքական կոնտեքստում. «Թուրքիան զորամիավորում է մտցրել Կատար Սաուդյան Արաբիայից պաշտպանելու համար։ Փաստորեն այս խճանկարում Սաուդյան Արաբիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով՝ Թուրքիա-Ադրբեջան «ոչ բարեկամական ակտ է իրականացրել»։

Մեր զրուցակիցը չի բացառում նաև Միացյալ Նահանգների ազդեցությունը. «Որպես ենթադրություն կարող եմ ասել նաև, որ ինչ-որ դերակատարություն է ունեցել նաև Ռուսաստանը։»

Մեր այն հարցին՝ արդյոք պաշտոնական Երևանը պետք է սա ընդունի որպես հիմք ու քայլեր ձեռնարկի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Նման քայլերը հրապարակայինին չեն արվում։ Դիվանագիտական խողովակներով ոչ պաշտոնական հանդիպումներ են լինում, նպատակները հստակեցվում են, որից հետո ինչ-որ քայլեր են արվում։ Ըստ երևույթին՝ դիվանագիտական խողովակներով ինչ-որ քայլեր պետք է որ լինեն»։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյան նշում է՝ Մեծ Մերձավոր Արևելքում կա երկու պետություն, որոնք ի սկզբանե դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել մեզ հետ և չեն ճանաչել Հայաստանը՝ Պակիստանն ու Սաուդյան Արաբիան. «Եվ նման իրադրության մեջ շնորհավորանքը ես ողջունում եմ։ Գուցե ոչ պաշտոնական, դիվանագիտական ճանապարհներով աշխատանք է տարվել՝ եթե այդպիսի բան կա Հայաստանի կողմից, ես երկու ձեռքով ողջունում եմ և ցանկանում եմ, որ նման քաղաքականությունը շարունակվի»։

Նավասարդյանն ընդգծում է՝ պաշտոնական կապերի բացակայության դեպքում պետությունների մեջ հարաբերություններում շատ մեծ դեր են խաղում փափուկ ուժի օգտագործումը, այսինքն` ոչ պաշտոնական ճանապարհը. «Դա կարող է լինել Սփյուռքի, առանձին անհատների միջոցով։ Ինչ վերաբերում է շնորհավորանքին՝ միայն կարելի է ողջունել։ Իսկ պաշտոնական այն մեկնաբանությունը, որ չունենալով դիվանագիտական հարաբերություններ, կա նման պրակտիկամ, անկեղծ ասած՝ ես տեղյակ չէի։ Բայց ինձ անկեղծորեն սա ուրախացրեց, որովհետև Սաուդյան Արաբիան առանցքային երկիր է արաբական աշխարհում»։

Բացի պրոտոկոլից, Նավասարդյանի դիտարկմամբ, գուցե կան նաև քաղաքական սպասումներ. «Տեսնելով Հայաստանի առանցքային դերը տարածաշրջանում՝ մասնավորապես նկատի ունեմ հարաբերությունները Իրանի հետ, (իսկ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները լարված են), գուցե դա է դեր խաղացել։ Հնարավոր է՝ դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ Հայաստանն ունի կարևոր դերակատարություն Իրանի ուղղությամբ։ Հաշվի առնենք նաև վերջին իրադարձությունները՝ Լիբերմանի այցելությունը Հարավային Կովկաս, իսկ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան հետաքրքիր համագործակցություն են զարգացնում։ Չեմ բացառում, որ այս ընդհանուր խաղերի մեջ նրանք կփորձեին Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել։ Սա շատ կարևոր նշանակություն կունենա։ Կարելի է համարել, որ դա կլինի դիվանագիտական ճեղքում»։

Արման Նավասարդյանը խոսեց նաև Պակիստանի մասին, որը շատ ավելի անհաշտ դիրքորոշում ունի Հայաստանի հետ կապված։ «Բացի դրանից՝ միջազգային մուսուլմանական բոլոր ֆորումներում հակահայկական դիրքորոշում է որդեգրում և, որպես կանոն, պաշտպանում է Ադրբեջանի քաղաքականությունը։ Այս ուղղությամբ էլ Հայաստանը պետք է անպայման քայլեր իրականացնի։ Ես մի քանի անգամ բարձրացրել եմ այս հարցը իրանական դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ, ես դեսպանության մակարդակով նրանց հետ պարբերաբար հանդիպում եմ։ Ես նրանց հուշում եմ, որ ընդունված պրակտիկա է, որ բարեկամ երկիրը իր բարեկամ երկրի համար կարող է օգտակար լինել։ Ես նկատի ունեմ, որ Իրանը Պակիստանի հետ հարաբերություններ ունենալով՝ փորձ անի նաև մեզ համար քայլեր իրականացնել։ Սա վերաբերում է նաև Չինաստանի և Պակիստանի միջև հարաբերություններին, մենք պետք է խաղանք հնարավորության դեպքում։ Դա կոչվում է մաքոքային դիվանագիտություն, որը շատ ընդունված է։ Ըստ իս՝ մեր դիվանագիտական կորպուսը դա պետք է փորձի օգտագործել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։