Azatutyun.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստովանում է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում կան մեծ խնդիրներ:

Դրանցից մեկը, Մեյի խոսքով՝ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական հարաբերություններն են «Բրեքզիթից» հետո, երկրորդը՝ Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանների խնդիրը :

Մեյն այս մասին խոսել է հատուկ տեսաուղերձի ընթացքում, որը հաջորդում է Զալցբուրգյան գագաթնաժողովին: ԵՄ առաջնորդներն այդ հանդիպման ընթացքում մերժել են բրիտանացիների առաջարկները՝ վերոնշյալ երկու հարցերի շուրջ: Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, թե, իր հերթին, ինքն էլ համաձայն չէ Եվրամիության առաջարկների հետ:

Մեյի խոսքով՝ ձգտելու են պայմանավորվել Եվրամիության հետ, սակայն եթե դա տեղի չունենա, Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունն առանց համաձայնագրի: «Համաձայնագրի բացակայությունն ավելի լավ է, քան վատ համաձայնագիրը»,- հայտարարել է Թերեզա Մեյը:

Բրիտանական կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ դեմ է Եվրամիությունից դուրս գալու բրիտանական հանրաքվեի արդյունքները վերանայելուն, քանի որ վերանայումը մեծ հարված կլինի ժողովորդավարությանը: