«ՀՀ նոր իշխանությունների ներգրավվածությունը երկրի ներքին գործերում չափազանց մեծ է, Կառավարությունում նոր մարդիկ են հայտնվել, որոնք կառավարման փորձ չունեն: Ադրբեջանական կողմը հույսեր ունի, որ, եթե այսօր գնա լարման, գուցե նոր դեմքերը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը չտան անհրաժեշտ պատասխան, չիրականացնեն այն աշխատանքը, ինչը կանեին արհեստավարժ գործիչները: Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում ներքին խմորումները դեռ կշարունակվեն շուրջ երկու տարի, այս ընթացքը ԼՂ հակամարտության համար չափազանց վտանգավոր է: Այս ընթացքում կարող է կրկնվել ապրիլը, քանի որ Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար»,- «168 Ժամի»  հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում վերջին օրերին առկա լարված իրադրությանը:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կապաշտպանի Ադրբեջանին: «ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: Ուստի ՀԱՊԿ ներուժն այս հարցում օգտագործելու հավանականությունը շատ քիչ է, հայկական կողմն ավելորդ հույսեր չպետք է ունենա»,- ասել է Եվսեևը:

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Որքանո՞վ են հիմնավոր ՀՀ իշխանությունների այս ակնկալիքները» հարցին Եվսեևը պատասխանել է.

«Հիմնավոր չեն, չեմ կարծում, որ կպահպանի: Փաշինյանն այս թեմայի շուրջ զրուցել էր Լուկաշենկոյի, Նազարբաևի հետ, Փաշինյանը նրանց կողմից աջակցություն չունի: Խաչատուրովի դեպքը եղել է, իրատեսական է, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին, և Հայաստանը կկորցնի այդ պաշտոնը: Բայց Հայաստանը բարձրաստիճան պաշտոն ունի ԵԱՏՄ-ում և պետք է փորձի պահպանել ու օգտագործել այն՝ ի օգուտ Հայաստանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։