«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս «Գելլափ» կազմակերպության անցկացրած սոցիալական հարցումների արդյունքում պարզվել է՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշը կազմում է 74 տոկոս: «Գելլափ»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հաստատեց այն, որ հարցումներ են իրականացվել, սակայն թվերի մասին ոչինչ չասաց: «10 օրվա ընթացքում կհրապարակենք, եւ բոլորը կիմանան»,- ասաց նա՝ հավելելով,- «Հարցումներ եղել են նաեւ վարչապետի, կառավարության, Աժ-ի մասին»: Մինչ այդ, նկատենք, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր վարկանիշը պատահական չէ. ի վերջո, նախագահն ընդամենը արարողակարգային գործառույթներ ունի, նրա վրա որեւէ լուրջ գործառույթներ, լուրջ պատասխանատվություն դրված չէ: Հետեւաբար՝ հասարակությունը նրանից որեւէ բան չի էլ ակնկալում, որ ակնկալիքները չբավարարվելու դեպքում դժգոհի: Իսկ Արմեն Սարգսյանն էլ փորձում է դրական իմիջ պահպանել` երեխաների հետ պաղպաղակ ուտելով, համբուրգեր պատրաստելով, մայրաքաղաքում զբոսնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։