Ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ են հրապարակել 4 օր առաջ  սպանված զինծառայողի վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Լրատվամիջոցի փոխանցմամբ, հայկական գնդակով սպանված զինվորը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևն է (ծնվ.՝ 1999 թ.): meydan.tv-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հայտնել է զինծառայողի մորեղբայրը և նշել, որ արդեն եղել է թաղման արարողությունը: Պատասխանելով լրատվամիջոցի հարցմանը՝ Քապազի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինը նշել է, որ իրենք զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկություններ չունեն: Սոցցանցերում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևից բացի, կան ևս մեկ զոհ և մեկ վիրավոր, որոնց մասին դեռևս լրացուցիչ տեղեկություններ չկան: Ինչպես մյուս դեպքերում, այս դեպքի վերաբերյալ նույնպես Ադրբեջանի ՊՆ-ն լռում է: