Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

 Պարոն Շարմազանով, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գողացված միջոցները պետք է վերադարձվեն բյուջե, իսկ երեկ Ալեքսանդր Սարգսյանն է արձագանքել՝ նշելով, որ դրա համար որևէ հիմք չկա։ Ե՞րբ են ձեր թիմակիցները պատրաստվում այդ գումարները վերադարձնել բյուջե։

Նախ՝ եթե իմ թիմակիցները կամ որևէ մեկը գումարները վերադարձնի, պետք է լինի դատարանի որոշում և պետք է օրենքով սահմանված կարգով ապացուցվի, որ անկախ իր կուսակցական պատկանելությունից, ՀՀ տվյալ քաղաքացին կամ մյուս բոլոր քաղաքացիները խախտել են օրենքը, և այդ գումարները բյուջե վերադարձման ենթակա են։ Հակառակ պարագայում, մենք գործ ունենք ուղղակի սպառնալիքի ու ամենաթողության հետ։ Ես բազմիցս ասել եմ, որ ցանկացած անօրինականություն, ցանկացած կոռուպցիոն դեպք, խոսքի ազատության ցանկացած ոտնահարում, ցանկացած բռնաճնշում, ցանկացած գործողություն, որը ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված չէ, դատապարտում եմ։ Բայց ոչ պակաս դատապարտելի է անմեղության կանխավարկածի ոտնահարումը, երբ երկրի վարչապետը, որը կարծես ամբողջությամբ չի գիտակցում իր պաշտոնի կարևորությունը, անում է հայտարարություններ, որոնք ուղղակի կրում են հռչակագրային բնույթ։ Այսինքն՝ եթե Պողոս Պողոսյանը գումար պետք է վերադարձնի, դրա համար պետք է լինեն իրավապահ մարմինների որոշում։ Ես ամբիոնից հայտարարել եմ՝ հարգելի պարոն վարչապետ, եթե մեր երկրում ամեն ինչը քո դեկլարատիվ հայտարարություններով է որոշվելու, ուրեմն մեր երկրին ոչ խորհրդարան է պետք, ոչ ՀՔԾ է պետք, ոչ ԱԱԾ է պետք, ոչ ոստիկանություն է պետք, ոչ հարկային ու մաքսային մարմիններ են պետք, ոչ ազատ լրատվամիջոցներ են պետք, որևէ բան պետք չի։ Ինչպես Իվան Ահեղի ժամանակ՝ ցարի հրամանագիրը պարտադիր է բոլորի համար։ Ես չեմ կարծում, որ հիմա մենք ապրում ենք Նիկոլ Ահեղի ժամանակաշրջանում, ես չեմ ուզում Հայաստանը վերածվի նրան, ինչ կար միջնադարյան Ռուսաստանում, որ հիմա էլ ապրենք Նիկոլ Ահեղի ժամանակաշրջանում։ Կա օրենք, կան դատարաններ, դատախազությունն ունի մեղադրողի կարգավիճակ, մեղադրվողն ունի փաստաբանի իրավունք, դատական գործընթացը կլինի, ու ինչպես միշտ ասել եմ՝ Հայաստանից ով մի կոպեկ գողացել է, պետք է դատապարտվի։ Բոլոր անօրինականությունները պետք է դատապարտվեն։

Բայց նաև դատապարտելի են նրանք, ովքեր անում են անհիմն ու անպատասխանատու հայտարարություններ։ Հիմա ես չեմ հասկանում, թե բանավեճն ինչի շուրջ է։ Առանց Փաշինյանի էլ եմ դա ասել։ Այնպես չի, որ Փաշինյանը պետք է գար վարչապետ դառնար, նոր ես հասկանայի, որ բյուջեից փող գողանալը վատ է, բայց կրկնակի վատ է անմեղության կանխավարկածը խախտելը և մարդկանց վրա առանց փաստերի որևէ հիմքով խոսելը։ Ախպեր ջան, դատարանի որոշում կլինի, էդ մարդը կհամարվի հանցագործ։ Նույնիսկ քրեական գործ հարուցված չի, բայց եթե նույնիսկ հարուցվի էլ, մինչև դատարանի որոշում չլինի, մարդը չի կարող համարվել հանցագործ։ Անգամ դատարանի որոշումից հետո մարդն իրավունք ունի դիմելու ավելի բարձր ատյանի դատարաններ, մինչև Եվրոպական դատարան։ Եթե այս մասին հայտարարի շարքային ընդդիմադիր գործիչ, մի կերպ կհասկանամ, բայց դու պետության թիվ մեկ պաշտոնյան ես և նմանատիպ հայտարարություններ անելիս պետք է ունենաս փաստեր։ Ո՞րն է այսօրվա կազուսը. Առհասարակ լինում են փաստեր, դրանց հիման վրա քրեական գործ է հարուցվում, դատարանի որոշում է լինում, դրանից հետո նոր վարչապետն ասում է՝ սա հանցագործ է։ Մեզ մոտ հակառակն է, ոչ կա քրեական գործ, ոչ կան փաստեր, իսկ մեր վարչապետը գլխանց ասում է՝ սա հանցագործ է, փռեք ասֆալտին։ Խեղճ իրավապահ մարմիններն էլ վարչապետի ասածն անում են։

Տարիներ շարունակ Ալեքսանդր Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, մյուսների հետ կապված անընդհատ խոսվել է անօրինական մեծ գումարներ ունենալու, ուրիշի բիզնեսում փայ մտնելու մասին։

Հիմա չեմ կարծում, որ պետք է նստենք խոսակցությունները մեկնաբանենք։ Անընդհատ խոսվել է, որ ես ունեմ բազմաթիվ  բիզնեսներ, որ ես կոռումպացված եմ, որ նույնիսկ Հունաստանում կղզի ունեմ, էլ չեմ ասում ապօրինի երեխաների մասին։ Սրանցից ո՞ր մեկը ճիշտ եղավ։ Իրենց մասին էլ է շատ բան խոսվում։ Ասում են՝ ՀՀԿ-ականները կոռումպացված են, մեկդ կարո՞ղ է գտնել, որ ես պետական բյուջեի մեջ եղել եմ, մի կոպեկ պետությունից վերցրե՞լ եմ։ Իրենց նման չենք դրել շոու սարքել։ Մենք ապրիլյան զոհերի կողքին էլ ենք կանգնած եղել, բանակի կողքին էլ ենք կանգնած եղել, տնտեսության կողքին էլ ենք կանգնած եղել, ես իմ  անձնական հնարավորություններն եմ ծառայեցրել ոչ թե իմ ընտանիքի բարօրությանը, այլ պետությանը։ Պետք լինի՝ հատիկ-հատիկ կասենք՝ ինչ ենք արել, ոչ թե իրենց նման կանգնենք ասենք, թե ինչ ենք արել։ Իմ մասին էլ են բազմաթիվ խոսակցություններ եղել, կանգնեցին ասեցին՝ Հունաստանում կղզի ունեմ, Լենինգրադում հյուրանոցներ ունեմ։ Ես էլ ասացի՝ ես Ալավերդու ծնունդ եմ, այս պահին գտնվում եմ Ալավերդիում և բացի իմ հայրական տնից, մի բուդկա անգամ չունեմ։ Հիմա նույնը Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսները, 4 ամիս է պարոն Փաշինյանն է իշխանության, ախպեր ջան, արդեն դու ընդդիմություն չես, եթե կա այդ 50 տոկոսը, բեր ասա՝ Պողոս Պողոսյանն ասում է՝ Սաշիկ Սարգսյանն իմ 50 տոկոսը խլել է։ Եթե դատարանը կապացուցի, որ այդպես է, կասեմ՝ մեռնեմ օրենքին։

Ես ասել եմ՝ Հայաստանում ոչ նախկինում, ոչ այսօր, ոչ վաղը, որևէ մեկը չի կարող օրենքից վեր լինել, բայց այն, ինչ այսօր կատարվում է, որևէ կապ չունի օրինականության հետ։ Վարչապետը հետևից է սկսել, փոխանակ փաստերի վրա քրեական գործ հարուցվի, ինքն էլ չմիջամտի, դատարանը որոշի, նոր վարչապետն իր գնահատականը տա, նա կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածը, արհամարհելով բոլոր միջազգային նորմերը, ամբիոնից հայտարարում է, որ այս-այս մարդիկ սա են արել, նա են արել։ Դատարանի որոշում կա՞, պարոն վարչապետ, չկա։ Իսկ խոսակցությունների մակարդակով լիքը մարդ լիքը բան կարող է խոսել։ Այնպես չի, որ ձեր շրջապատի մասին բաներ չեն խոսում։ Հիմա մենք այդ խոսակցությունները հիմք ընդունե՞նք։ Այս երկրում վարչապետը ոչ թե պետք է խոսակցություններ մեկնաբանող լինի, այլ կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է իրենց գործն անեն։ Ի՞նչ է նշանակում՝ ես հանձնարարեցի ՀՔԾ պետին։ Օրենքով ՀՔԾ պետն իր գործառույթներն ունի, դատախազությունն իր գործառույթներն ունի, բա օրենսդրությունն ինչի՞ համար է, եթե ամեն ինչին դու պետք է հրահանգ տաս։ Սաշիկը չլինի, քո հարազատ եղբայրը լինի, կամ Արարատ Միրզոյանը, դու ինչ իրավունք ունես ամբիոնից կանգնես ու ՀՀ քաղաքացուն անվանարկես, եթե չկա դատարանի որոշում։ Սաշիկ Սարգսյանն ինձ համար պայմանական կերպար է, ես երևույթից եմ խոսում։ Եթե կլինի դատարանի որոշում, մենք էլ կասենք՝ ախպեր ջան, հալալ է, բռնել ես, թող պատժվի։ Մտահոգիչը այն է, որ դեռ գործ չհարուցված, դատարանի որոշումը չեղած, քաղաքական իշխանությունը վարչապետի գլխավորությամբ, օգտագործելով իր բարձր լեգիտիմությունը հասարակության մեջ, ուղղորդում է և հերթական տեսարաններն է անում։ Դա շատ վատ է։ Հայտնի սկանդալային ձայնագրությունից հետո պետք է շեղել մարդկանց ուշադրությունը։

Ռոբերտ Քոչարյանն արդեն շանտաժի լեզվով է խոսում՝ ասելով, թե Փաշինյանը կփոշմանի, որ իր հետ «գլուխ է դրել»։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

Դուք Քոչարյանի մեկնաբանությունները տեսնում եք, Քոչարյանից հազարապատիկ ավելի բարձր սպառնալիք հնչեցնող Փաշինյանի սպառնալիքները չեք տեսնում։ Որ ասում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, ասում էր՝ խելոք պահեք, թե չէ ԱԱԾ-ն հետևներիցդ կգա, ասում էր՝ էդպիսի դատավոր կա՞, որ իմ ասածը չանի, որ ասում էր՝ կպառկացնեմ ասֆալտին։ Էդ ո՞ր օրենքով պետք է պառկացնի ասֆալտին։ Դա ինչ է նշանակում, ո՞ւմ պառկացնեն ասֆալտին, ՀՀ քաղաքացո՞ւն, ո՞ր օրենքով։ Ո՞ր օրենքով ես իրավունք չունեմ երեք ավտոյով շրջեմ։ Օրենք ընդունողը ես եմ, որտե՞ղ կա օրենք, որ նույն համարանիշներով մեքենաներով մարդիկ իրավունք չունեն իրար հետևից գնան։ Եթե ճանապարհային ոստիկանության կանոնները չեն խախտում, եթե մարդը հարբած չի, նորմալ վարում է, ով իրավունք ունի որոշի՝ Շարմազանովը 5 ավտոյով է շրջում, թե 10։ Միայն ես չեմ արտահայտում այս մտահոգությունները։ Օգոստոսի 17-ից հետո և Փաստաբանների միության նախագահը, և մարդու իրավունքների պաշտպանը, և հայտնի ձայնագրությունից հետո Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ հայտարարություններով հանդես եկան, որտեղ քննադատում են օրվա իշխանությունների քաղաքականությունը։ Իմ ասածը պարզ է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով, օրենքը խախտողները պետք է պատժվեն դատարանի որոշմամբ։

Ձեր իշխանության ժամանակ էլ շատ բան օրենքով չէր լինում, ինչո՞ւ այն ժամանակ դա չէիք պահանջում։ Այն ժամանակ էլ շատերը գործում էին օրենքից դուրս։

Ես՝ Էդուարդ Շարմազանովս, միշտ ասել եմ, որ Հայաստանում ով օրենքը խախտել է, պետք է պատժվի, ով խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն կատարել է, պետք է պատժվի։ Եթե որևէ մեկը կասի, որ ես խոսքի ազատությունը խախտել եմ, եթե որևէ մեկը կասի, որ ես բռնացել եմ որևէ մի քաղաքացու ազատ կամքի արտահայտությանը, կամ սպառնացել եմ ՀՀ քաղաքացուն, եթե որևէ մեկը կասի, որ ես անօրինական բիզնես գործունեություն եմ ծավալել, եթե որևէ մեկը կասի, որ ես որևէ օլիգարխից գումար վերցրել եմ։ Հանցագործությունը կուսակցական պատկանելություն չունի։

Հանրային ճնշմամբ Դուք խորհրդարանում վարչապետ ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին։ Նույն հանրային ճնշմամբ էլ գնալու եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞։

Ես գտնում եմ, որ ցանկացած ճնշում դեմ է ժողովրդավարությանը, անունը դնենք հանրային ճնշում, լրատվական ճնշում, թե կուսակցական ճնշում, կամ վարչապետի ճնշում։ Ինքնին ճնշումը հակաժողովրդավարական է։ Եվ Սահմանադրությամբ հստակ նշված է, որ պատգամավորը կաշկանված չէ իր պատգամավորական մանդատով և քվեարկում է իր խղճին և համոզմունքին համապատասխան։ Պարոն վարչապետ, դա սահմանադրական նորմ է։ Իսկ ցանկացած ճնշում կլինի ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում։ Եվ ես շարունակելու եմ քվեարկել Սահմանադրության համաձայն, իմ խղճին և համոզմունքին համաձայն։ Եվ որևէ մեկը իրավունք չունի իմ ազատ կամարտահայտման վրա անօրինական ճնշումներ գործադրել։