1in.am գրում է.

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

-Պարոն Ավետիսյան, «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խումբը երեկ Մարտունիում էր, որից հետո հայտարարություն տարածեցինք, որ այնտեղ գրեթե ոչինչ չի փոխվել, փորձել են խոչընդոտել ձեր հանդիպումը և դուք հորդորով դիմել եք վարչապետին։ Ի՞նչ նկատի ունեք այս հայտարարությամբ, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել և մինչև արտահերթ ընտրություններ չլինեն և չամրագրվի հաղթանակը, այսպիսի երևույթներն անխուսափելի՞ են լինելու։

-Այո, հեղափոխությունն ընթացքի մեջ է և դեռ չի ավարտվել։ Արտահերթ ընտրությունները կարելի կլինի համարել հեղափոխության վերջնական արձանագրում ու ամփոփում։ Բայց եթե ըստ էության դիտարկենք երևույթը, ապա հնարավոր է կատարել այնպիսի քայլեր, որոնք անդառնալի դարձնեն ամեն ինչ և բոլորի համար հասկանալի լինի, որ հեղափոխությունը տեղի է ունեցել։ Իհարկե, ի վերջո, ամփոփումը արտահերթ ընտրություններն են, բայց կարելի է նաև այնպես անել, որ կարճ ժամանակի մեջ, ասենք 2-3 ամսում բոլորի համար ամեն ինչ ակնհայտ դառնա։ Օրինակ, եթե ժողովրդի իշխանությունը յուրացրած ազգադավ  հանցավոր համագործակցությունը համապատասխան իրավական գնահատական ստանա, եթե հայկական Նյուրնբերգում արդեն դատավարություն լինի և նրանք մեղադրյալի աթոռին նստած լինեն, ոչ թե  առանձին գործերով, ինչպես հիմա է արվում, եթե Ազգային ժողով կոչված այդ չարիքը լուծարվի, եթե արտակարգ լիազորություններով կառավարություն լինի, որ կարողանա ճկուն աշխատել, ոչ չլինեն հակահեղափոխական կամ ոչ հեղափոխական ուժեր, կամ սրա- նրա հետ առևտուր անող ուժեր, եթե այդ ամենը լինի, ժողովուրդը, բնականաբար, կտեսնի փոփոխությունը։ Եթե ոստիկանությունը փոխվի, ԱԱԾ-ն փոխվի, դատախազությունը փոխվի, դատարանները կսկսեն փոխվել, ժողովուրդը դա կտեսնի։ Ընկալման մեջ է հեղափոխությունը, եթե մարդիկ տեսնեն, որ փոփոխությունն անդառնալի է, վերջ, կարող ենք ասել, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, մնացածը աշխատանք է։ Բայց հիմա տեսնում ենք, որ ռեժիմի մնացորդները փորձում են կոնսոլիդացվել, ամեն տեղ դիմադրում են, ու դա զգացվում է։

-Դուք բազմիցս աջակցություն եք  հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Ձեր օրակարգը որքանո՞վ է նրա օրակարգի հետ համընկնում։ Կա՞ տարաձայնություն, կա՞ն խնդիրներ, որոնց հետ դուք համաձայն չեք։

-Անշուշտ, կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք ունենք այլ դիրքորոշում։ Մենք մեր դիրքորոշումը չենք թաքցնում, հայտարարում ենք կոչ ենք անում պարոն Փաշինյանին մեր առաջարկություններն ընդունել ու իրականացնել։ Մենք համոզված ենք, որ մեր առաջարկությունները էապես կնպաստեն և Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխության արագ և անցնցում ընթացքին ու ավարտին, և, բնականաբար, կլինեն ի նպաստ մեր հայրենիքի, ժողովրդի, մեր պետականության։ Բայց հասկանալի է, որ հիմա պարոն Փաշինյանն է վարչապետ և ինքն է որոշում, թե ինչ մարտավարություն  կիրառի կառավարման առումով։ Բնականաբար, դա մենք ընդունում ենք որպես իրողություն։

-Հիմա դուք սկսել եք մարզային այցեր կատարել։ Ձեր կարծիքով՝ մարզերում հանրային տրամադրություններն ինչպիսի՞ն են, հեղափոխությունը որքանո՞վ է հասել մարդկանց գիտակցությանը։

-Իղձի, ցանկության, մղումի առումով ժողովուրդը փոխված է, ժողովուրդը գիտակցում է, որ պետք է լինի այդ փոփոխությունը, շատ մտահոգ է, որ շատ դանդաղ է այդ ընթացքը։ Բայց նաև ժողովուրդը շատ հաստատակամ է, ուժեղ է և համոզված է, որ տեր է կանգնելու երկրին և թույլ չի տալու հետընթաց։ Բայց որպեսզի երկրում ի վերջո մենք  զարգացման ճանապարհի վրա ոտք դնենք, որպեսզի վերջ տանք այս ցնցումային իրավիճակին, օր առաջ, ժամ առաջ պետք է ձեռնարկել կտրուկ գործողություններ երկիրը մաքրելու և ժողովրդի կամքը ի կատար ածելու ուղղությամբ։

-Կտրուկ ասելով ի՞նչ նկատի ունեք։

-Արդեն ասացի՝ Ազգային ժողովը լուծարել, ստեղծել արտակարգ լիազորություններով կառավարություն, որը ձևավորված կլինի միայն հեղափոխական ուժերից և ոչ նախկին ռեժիմի հետ գործակցած կամ նրա մաս կազմած ուժերից, որոնք հիմա շարունակում են պարոն Փաշինյանի թիկունքում դավադիր քայլեր կատարել։ Պետք է ստեղծվի անցումային արդարադատության ատյան, որը իրավական և իրավաքաղաքական գնահատական տա հանցավոր համագործակցությանը այդ  մաֆիայի տասնամյակների գործունեությանը և նրանց կանգնեցնի հայկական նյուրնբերգի առաջ, ոճրագործները հայտնվեն բանտում, քաղբանտարկյալները և ռազմագերիները՝ ազատության մեջ։

-Դուք նշում եք, որ ԱԺ-ն պետք է ինքնալուծարվի, սակայն Սահմանադրությունը դրա համար մեկ հնարավորություն է ստեղծել, որին դեմ են ՀՀԿ-ականները։

-Ի՞նչ սահմանադրություն, սահմանադրություն գոյություն չունի, սա Սերժիկի հագով կարված փաստաթուղթ է։ Մենք պետք է ազնիվ լինենք, չխաբենք ինքներս մեզ, նկատի ունենանք, որ մենք 95թվականից սկսած մեր բոլոր հանրաքվեները կեղծվել են։ Սա քվազիպետություն է, մենք նոր  պետք է պետություն ստեղծենք։ Քանի դեռ մենք ինքնախաբեության վիճակից դուրս չենք եկել, մենք լավ օրի չենք հասնելու։ Սահմանադրությունը ժողովրդի կամքն է, և եթե փաստաթուղթ ստեղծելու կարիք կա, եկեք շատ արագ ժամանակավոր սահմանադրություն ընդունենք։

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն սպառնալիքների լեզվով է սկսել խոսել, նշում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար։  Վտանգ տեսնո՞ւմ եք, թե ոչ։

-Այդպիսի մարդիկ, որ կյանքում ժողովրդի վստահություն չեն ունեցել, կյանքում օրինական կերպով ընտրված և լիազորված չեն եղել, միշտ յուրացրել են իշխանությունը և կառավարել են որպես բանդայի պարագլուխներ, իրենց կարծիքով, դիմացինն էլ է իրենց նման և կարող են չափվել նրա հետ։ Այսօրվա վարչապետը վայելում է ժողովրդի վստահությունը, և եթե որևէ մեկը այսօր ասում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ փոշմանելու է, որ գլուխ է դրել իր հետ, դա ինքն է փոշմանելու, որ գլուխ է դրել ժողովրդի հետ, որովհետև վստահություն վայելող կառավարությանը նման բան ասելը նշանակում է ժողովրդին ասել։ Իսկ ինքը  կարողանալո՞ւ է ժողովրդի հետ գլուխ դնել։ Եվ եթե համապատասխան մարմինները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում այդ բանդայի պարագլուխներին մեկուսացնել հասարակությունից, ուրեմն ժողովուրդն իր խոսքը պետք է ասի, ուղիղ ժողովրդավարությանն անցնի և ավարտին հասցնի հեղափոխությունը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ժողովուրդը չի կարող մնալ կեղծ օրենքների շրջանակներում և իր ճակատագիրը կործանի, ինչ է թե օրենք կոչված թղթի կտորի վրա այդպիսի բան է գրված։ Օրենքը ժողովուրդն է, իրավունքը ժողովրդից է բխում, և սահմանադրականություն ոչ թե սահմանադրություն, իրավունք ոչ թե կեղծ օրենք։ Հեղափոխության անցումային շրջանը այս տրամաբանությամբ պետք է աշխատի։