Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:

Խոսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ  Արցախի հարցում  այժմ կարևորագույն խնդիրը 150 000 մարդու էքզիստենցյալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմաներ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժոզովի նախագահի տեղակալ Դավիթ մելոքումյանը և ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալքեքսանյանը: